Օրգանիզմում ընթացող բորբոքային գործընթացները զգալիորեն բարձրացնում են ճարպակալման, շաքարային դիաբետի, քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, սակայն շատ հաճախ մարդիկ գլխի չեն ընկնում նման բորբոքումների առկայության մասին: Նման խնդիրներից խուսափելու համար MedikForum.ru կայքը ներկայացրել է այն ախտանշանները, որոնք կարող են հուշել օրգանիզմում ընթացող բորբոքային գործընթացների մասին:
Բորբոքային գործընթացի մասին վկայող ախտանշաններից մեկը կարող են լինել հոդացավերն ու հոդերի կաշկանդվածությունը: Նման ախտանշաններ են նկատվում աուտոիմուն հիվանդությունների դեպքում,որոնք զարգանում են իմունային համակարգի գերծանրաբեռնվածության դեպքում:Նման դեպքերում իմունային համակարգն արտազատում է բորբոքային քիմիական նյութեր,որոնց պատճառով էլ զարգանում են այնպիսի հիվանդություններ ինչպիսին են ռևմատոիդ արթրիտը, գայլախտը, հոդատապը և այլն:Բորբոքումների մասին կարող են հուշել նաև հիշողության հետ կապված խնդիրները: Սա պայմանավորված է նրանով, որ բորբոքումները բացասաբար են անդրադառնում նեյրոնների վրա, ինչն էլ դառնում է կտուկ մոռացկոտության դրվագների պատճառ:
Մարսողական խնդիրները նույնպես կարող են դառնալ բորբոքումների պատճառ, ուստի եթե փորափքանքն ու փորլուծությունը պարբերաբար բնույթ են կրում և չեն անհետանում բավական երկար ժամանակ, ապա հարկավոր է բուժզննում անցնել:Մյուս վտանգավոր ախտանշաններից է որովայնի հատվածում ճարպաշերտերի կուտակումը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարմնի այդ հատվածում կուտակվող ճարպաշերտերն արտազատում են միացություններ, որոնք նպաստում են քրոնիկ բորբոքումների զարգացմանը:
Բժիշկների խոսքով՝ բորբոքումների մասին կարող է հուշել նաև զարկերակային ճնշումը: Շատերի համար զարկերակային ճնշման չնչին բարձրացումը դիտարկվում է որպես բնական տարիքային փոփոխություն, սակայն այն կարող է լինել օրգանիզմում ընթացող բորբոքային գործընթացների մասին նախազգուշացնող վաղ ախտանշաններից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ նման բորբոքումները զգալիորեն վատթարացնում են անոթների վիճակը:
Չի կարելի անուշադրության մատնել նաև հաճախակի մրսածությունն ու վարակումները: «Քրոնիկ բորբոքումները դառնում են օրգանիզմի անառողջ ռեակցիայի պատճառ, որոնք էլ հյուծում են իմունային համակարգը: Սա նշանակում է, որ վիրուսների կամ բակտերիաների հետ շփման դեպքում օրգանիզմը կարող է բավանականաչափ պատրաստ չլինել դրանց դեմ պայքարին, ուստի ավելի ընկալունակ կլինի ախտածին տարրերի նկատմամբ», — նշում են բժիշկները:
Բացի այդ, բորբոքումներով կարող են պայմանավորված լինել նաև սաստիկ քաղցի նոպաները: Բանն այն է, որ բորբոքումների դեպքում բջիջները դառնում են ավելի կայուն ինսուլինի նկատմամբ, ինչը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման և դրա վերահսկողության մեխանիզմների խանգարման: Հենց սա է պատճառը, որ բորբոքային գործընթացները դրսևորվում են անոմալ ախորժակով: