ԱԺ պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում պնդեց տարեսկզբին արած իր այն հայտարարությունը, որ գործող Կառավարության ծրագիրը հեղափոխական չի:
«Ծառուկյանը էսօր ոչ թե տողերն անգիր ա արել, եկել ա իրեն ներկայացնի, Ծառուկյանը զրոյից կայացած մարդ ա, որի ձեռքը պուլսի վրա է, ամեն ինչ գիտի, եւ գիտի, թե 20 օր, մեկ ամիս հետո ինչ է լինելու»,- ինքն իր մասին ասաց ԲՀԿ առաջնորդը: Նա հիշեցրեց, որ 2009 թվականի տնտեսական ճգնաժամի ժամանակ ինքը Տիգրան Սարգսյանի կառավարությանը զգուշացրել էր, որ քայլեր պետք է ձեռնարկվեն, եւ ինքը ճիշտ դուրս եկավ:
«Այնպես որ, դուք տեսնում եք, որ Ծառուկյանը տնտեսական կյանքը պատկերացնում է, մարդկանց գիտի, ոչ թե ուզում ա մարդկանց միայն փնովի, այլ ասելուց հետո չակերտները բացի՝ տող առ տող ասի՝ ինչից պետք է սկսել, ինչ անել, որից հետո ինչ դառնա»,- նկատեց նա::
Խոսելով տնտեսական հեղափոխությունը թափ առնելու վարչապետի հայտարարության մասին՝ Ծառուկյանն ասաց, որ այս տարի դեռ չի առել, պետք է սպասել նոր ծրագրին: Անդրադառնալով Ազգային ժողովում քննարկվող պետական բյուջեի նախագծին՝ Ծառուկյանն ասաց, որ փաստաթուղթն ուղարկել են համապատասխան փորձագետներին, մասնագետներին, իրենց պատգամավորներին:
«Մենք երկուշաբթի կքննարկենք եւ խորհրդարանում Ծառուկյանը ելույթ կունենա, եւ կետ առ կետ կասի իր մոտեցումները, տեսակետները, թե ինչ պետք է անել»,- ասաց ԲՀԿ առաջնորդը՝ ընդգծելով, որ այդ քննարկումների ընթացքում կորոշվի՝ ինչպես են քվեարկելու:
Իսկ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ՝ տնտեսական հեղափոխության համար. Ծառուկյանի համար պատասխանը միանշանակ է. անհրաժեշտ է օրենքներ փոխել, պայմաններ ստեղծել, որ ավելի նպաստավոր լինի ներդրողի համար, ավելի շահութաբեր լինի ներդրողի համար, պետք է լինի հարկերի նվազեցում: Ավելին, ըստ Ծառուկյանի, «պետք է նայել Վրաստանում ինչ օրենքներ է, համապատասխան էդ օրենքներից մի քիչ առավել (վերցնենք-խմբ.), որ հնարավորություն տանք ներդրողին՝ գա ներդրում անի: «Երբ որ մեզ մոտ հերթ լինի, ներդրողները հերթ կանգնեն, տեղ չլինի՝ այն ժամանակ կարող ենք ավելացնել: Դա աշխարհի կարգն է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Իսկ առայժմ, Ծառուկյանի համոզմամբ, ներդրումների համար եւս բարենպաստ չեն պայմանները. «Ես վարչապետին շատ հարգում եմ, դուք ինձ ճիշտ հասկացեք, ինքը ուզում ա անել, բայց ներդրումների համար այն պայմանները չկան…Ներդրման համար հարկավոր է, որ լինի մեկ պատուհան. որ ներդրողը եկել է, էլեկտրացանցից, բնության պահպանությունից, էկոնոմիկայից, պաժառնիկից, օրգանից, հարկայինից, մարզպետարանից թղթեր են պետք:
Դրա համար քեզ պետք ա մեկ տարի: Հիմա ձեզ հասարակ օրինակ ասեմ. «Ցեմզավոդի» (Ցեմենտի գործարանի) կողքը թագաժառանգը իմ հետ միասին կառուցում ա սիլիցիումի գործարան: Կառավարումը իրենք են անում, հողը մերն է: Ուղիղ մեկ տարի է, որ մենք դիմել ենք, որ արոտավայրը դառնա արտադրական, ուղիղ մեկ տարի չի փոխվում: Վարչապետն իմացել է, զանգել- բարկացել է, մեկ ժամվա ընթացքում պատրաստել- տվել են: Մյուսը. մյուս թագաժառանգը, ասենք թե Քուվեյթի, ուզում է 5 աստղանի հյուրանոց կառուցի: Տարիուկես կանգնած է»,- ասաց ԲՀԿ ղեկավարը՝ ընդգծելով, որ ներդումը կանգնած է, որովհետեւ հարեւանը բողոք է ներկայացրել եւ դատարանն էլ ձգձգում է քննությունը:
Այս ամենից Ծառուկյանը եզրակացրել է, որ ամեն մարդ պետք է արդյունավետ աշխատի, որ ամեն ինչն էլ լավ լինի:
«Մենակ մի մարդու ցանկանալով, վարչապետի ցանկանալով, չի կարող փոխվել, այդ բոլոր ոլորտների պատասխանատուները իրենք պետք է լիարժեք իրենց գործը պատկերացնեն: Մարդը պետք է իր ոլորտում իր գնահատականը 5 նշանակի, ինքը պետք է զգա, որ արդյունավետ է աշխատում, արդյունավետ չաշխատելու դեպքում ինքը պետք է հրաժարական տա, որ մի ամբողջ ժողովուրդ այդ ոլորտի պատճառով լիարժեք չտուժի»,- նշեց նա::
Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կնշանակեր Ազգային ժողովի աշխատանքին, որի պատգամավոր է նաեւ ինքը:
«Արա հորս արեւ…նորից եմ ասում, ԱԺ աշխատանքը դուք տեսնում եք, որ բաժանվել են երեք մասի: Եթե մենք այսօր հարցը բարձրացնում ենք, որ գյուղացու բերքը ցրտահարվել է, բերք չի հավաքվել, կարկտահարվել է, ուրեմն գոնե էդ մարդուն հարկից ազատենք, հողի հարկ չտա: Մարդը վարկ պետք է վերցնի, որ տանի հողի հարկը վճարի: Չի անցել (ԲՀԿ ներկայացրած նախագիծը-խմբ.): Մինչեւ միասնական չլինենք՝ կապ չունի դիմություն, ընդդիմություն…Գնահատականը ոչ բավարար, եթե միասնական չեն»,- ասաց Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդին հարց ուղղվեց, թե լինելով գործարար, ներդրումներ կատարող, ինչո՞ւ է ԱԺ պատգամավոր: Ի պատասխան այս հարցի պատգամավորը բորբոքվեց եւ այսպիսի բանավեճ ունեցավ լրագրողի հետ.
— Ո՞նց ինչու եմ ԱԺ պատգամավոր:
— Դուք բիզնեսմեն եք…
— Աղջիկ ջան, ես բիզնեսմեն չեմ: Դու ի՞նչ ես ավարտել, ես ուզում եմ իմանալ, դու կրթություն ունե՞ս:
— Երեւանի պետական համալսարանն եմ ավարտել:
-Բա պետական համալսարան ավարտածը ի՞նչ գործ ունի լրագրող լինի:
— Ժուռնալիստիկայի ֆակուլտետն եմ ավարտել:
-Ուրեմն երեւի լավ չես ավարտել, երեւի ծանոթի միջոցով ես ավարտել:
-Ոչ, կարմիր դիպլոմով եմ ավարտել:
— Ես գործարար չեմ, ես սեփականատեր եմ, բոլորը տվել եմ կառավարման, որ դու այդքան բան պետք է իմանաս, նման հարց չտաս: Կարմիր դիպլոմը երեւի ծանոթի միջոցով են տվել: Էսօրվա օրով, որ դու եկել ես Ծառուկյանին հունից հանում ես…ասում ա՝ ինչի ես պատգամավոր: Բա ո՞վ պետք է լինի, բա դո՞ւ ես ուզում պատգամավոր լինես: Ի՞նչ ես անելու: Հիմա կեսից ավելին քո պես պատգամավոր է, որ քարը քարին չի դրել, չի էլ տիրապետում:
— Ո՞ւմ նկատի ունեք:
— Քո պեսներին:
Հ.Գ. Ծառուկյանն այսօր մասնակցում էր «Ceramisia» կերամիկայի գործարանի բացմանը, որը կառուցվել է նաեւ Ծառուկյանի հիմնադրած «Multi Group» կոնցեռնի ներդրումներով:
Լրագրողների հարցերին ի պատասխան ԲՀԿ առաջնորդն ասաց, որ գործարանում 500-1000 աշխատատեղ կա, բայց այսօր ունեն 35 աշխատող, քանի որ համապատասխան մասնագետներ չեն գտնում:
ԱԺ պատգամավորը հայտարարեց, որ եթե ցանկացողներ լինեն՝ կարող են մեկ ամսով գործուղել Իտալիա, կավագործի, կերամիկայի մասնագետի որակավորում ստանան, հետ վերադառնան, աշխատեն:
Խոսելով աշխատավարձի մասին՝ Ծառուկյանն ասաց, որ միջինում այն կազմում է 150-500 հազար դրամ՝ կախված աշխատանքի որակից, փորձից, արդյունքից:
Ծառուկյանն ասաց, որ աշխատող չկա, որովհետեւ բոլոր աշխատողները, լավ մասնագետները մեկնել են Եվրոպա, Ռուսաստան աշխատելու: