Նիկոլ Փաշինյանի ներկա վիճակը, որին նա կարողացել է հասնել շուրջ մեկ և կես տարվա համառ ջանքերի շնորհիվ, կարելի է բնորոշել մեկ բառով՝ ինքնամեկուսացում: Քաղաքական արենայում, ուր, ինչպես հայտնի է, պայքարը երբեք չի դադարում, նա այժմ փաստացի մնացել է միայնակ: Ավելին՝ վարչապետը ոչ միայն բախվել է միայնության սառը պատին, այլև հաջողացրել է ձեռք բերել իրական հակառակորդներ, որոնց թիվը գնալով աճում է:
Միակ քաղաքական ուժը, ում հետ երկխոսելու պատրաստակամություն է դրսևորել Նիկոլ Փաշինյանը, թերևս, «Սասնա ծռերն» են (դեռ հարց է՝ որքանով է այդ երկխոսությունն անկեղծ): Նիկոլ Փաշինյանն այլևս ընդունակ չէ որևիցե լուրջ քաղաքական ուժի հետ կառուցողական մթնոլորտում հարաբերվելու, լսելու ու լսելի լինելու. իրեն սահմանադրական հեղաշրջումը մարսելու գործում ժամանակին անգնահատելի ծառայություններ մատուցած ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ Փաշինյանի հարաբերությունները պրակտիկորեն թշնամական են (թե ում էր վերջին անգամ վարչապետը սպառնում «պառկցնել ասֆալտին» ու «ծեփել պատերին», հայտնի է, ինչպես և հայտնի է նրա ենթակայի՝ ՀՅԴ-ականների հասցեին շռայլած «քաղցր» ակնարկների բովանդակությունը), «Լուսավոր Հայաստանի» հետ հարաբերությունների մակարդակը պրակտիկորեն զրոյական է, դե իսկ ՀՀԿ-ի մասին խոսելն, առհասարակ, ավելորդ է, և այդ հարաբերությունների որակի մասին առարկայական պատկերացում կազմելու համար բավական է ընդամենը հետևել քրեական քրոնիկոնին:
Բայց եթե վերոհիշյալ ուժերի հետ իշխանությունների հարաբերություններն ինչ-որ կերպ կարելի է ենթարկել թեկուզ սակավ, բայց տրամաբանական վերլուծության, ապա նույն ՀԱԿ-ի ու Նիկոլ Փաշինյանի միջև այժմ խմորվող գործընթացներն իսկապես առաջ են բերում լրջագույն հարցեր, որոնք հայտնվել են անպատասխան մնալու ռիսկի տակ: ՀԱԿ-ը, որ երբեք չի թաքցրել իր համակրանքը Փաշինյանի նկատմամբ, նրան ամեն կերպ աջակցել է ու նույնիսկ դարձել Փաշինյանի իշխանության մասնիկ՝ չթաքցնելով իր պատրաստակամությունն առնվազը խորհրդատվական օգնություն տրամադրելու (ի տարբերություն Փաշինյանի իշխանության այլ բաժնետերերի՝ ՀԱԿ-ն ինտելեկտուալ բևեռ է), իսկ հարկ եղած դեպքում նաև՝ կադրեր, արդեն այսօր կանգնել է մերժված լինելու վտանգի առաջ: Այն, ինչ այժմ տեղի է ունենում երկու սուբյեկտների հարաբերություններում, դժվար է «քաղաքական սիրախաղ» անվանել. ապակառուցողական գործընթացները կարող են իսկապես վիտալ հետևանքներ ունենալ Նիկոլ Փաշինյանի համար:
Փաշինյանի արկածախնդիր ինքնավստահությունն ու իբր բոլորին իրենց տեղը ցույց տալու մոլուցքն իրականում մեկ ակունք ունի՝ համաժողովրդական այն էյֆորիան, որ ի հայտ էր եկել 2018-ին: Փաշինյանն ակնհայտորեն «աստղային հիվանդությամբ» է վարակվել, որից ոչ մի կերպ չի կարողանում բուժվել, ու որը մահացու վտանգավոր է:
Քաղաքականությունը կոմպրոմիսների արվեստ է, որը կերտվում է փոխընկալելիության մթնոլորտում: Դա մի դաշտ է, ուր հաջողության հասնել փորձող յուրաքանչյուր գործիչ պարտավոր է իրատեսություն դրսևորել, քաղաքական գործընկերների, իսկ հաճախ՝ նաև մրցակիցների հետ, կարողանալ հասնել կառուցողական երկխոսության ու դրանից բխող պայմանավորվածությունների: Քաղաքական գործիչը նախ և առաջ պետք է կարողանա պայմանավորվել, և խոսքը բնավ ստվերային, ինչ-որ կոռուպցիոն բնույթ կրող կամ ժողովրդի շահերից չբխող պայմանավորվածությունների մասին չէ, այլ՝ ճիշտ հակառակը:
Վարչապետի դերը ստանձնած Փաշինյանն այժմ փորձում է վերախմբագրել այս դասագրքային ճշմարտությունները: Նա որոշել է սեփական գիրքը գրել քաղաքականության մասին՝ շարադրելով այն հակառակ կողմից: Ակնհայտ է, թե ուր կարող է առաջնորդել Փաշինյանին իր բռնած խոտոր ուղին. նա հայտնվել է բռնապետի վերածվելու ճանապարհին: Միայն բռնապետերին է հատուկ այն համոզմունքը, որ իրենց հենման կետեր պետք չեն, որ իրենք միանգամայն ինքնաբավ են, ուստի՝ ում հետ ինչ լեզվով կամենան՝ կխոսեն: Սա, ինչ խոսք, կատարյալ մոլորություն է:
Փաշինյանի գլխավոր խնդիրն այսօր իրականությունն ադեկվատ կերպով չընկալելն է, դրան «վարդագույն ակնոցների» միջից նայելը, որ Փաշինյանին բերել-հասցրել է մի հանգրվանի, որից անդին անէությունն է: Փաշինյանը, որ դեմ չէր լինի բռնապետ հռչակվելուն՝ թեկուզ հայության կենսական շահերի հաշվին, իրականում վաղուց զրկվել է համաժողովրդական աջակցման ռեսուրսից:
Ճիշտ է՝ դեռևս կան միամիտներ, ովքեր շարունակում են հավատալ ու հուսալ, սակայն աներկբա է, որ կարճ ժամանակ անց դա էլ չի լինելու, և Փաշինյանն այսպես թե այնպես ստիպված է լինելու անձամբ ճաշակել Հայաստանի պես բարդ երկրի վարչապետ լինելու ողջ դառնությունը՝ անկախ նրանից, թե ինքն իրեն ինչ է կարծելու, աշխարհի ամենաժողովրդավարական վարչապե՞տ, թե՞ մի նոր Քադաֆի:
Վարդգես Սարգսյան, աղբյուր