Առավոտյան դատարկ ստամոքսին սուրճ խմելու դեպքում առողջական ինչ խնդիրներ կարող են առաջանալ

Սուրճն ամենատարածված ու սիրված ըմպելիքներից է, առանց որի շատերը չեն պատկերացնում իրենց օրը: Գիտնականները վաղուց ապացուցել են, որ այս ըմպելիքը շատ օգտակար է առողջության համար, սակայն քչերին է հայտնի, որ սխալ գործածության դեպքում այն կարող է անգամ վնասակար լինել: Ամերիկացի գիտնականները ներկայացրել են, թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել սուրճը դատարկ ստամոքսին խմելու դեպքում:

Այս ըմպելիքը շատերի համար արդյունավետ օրվա սկզբի հիմնական բաղադրիչն է, ուստի մարդիկ հաճախ են օրը սկսում մի գավաթ սուրճով: Սակայն բժիշկները նախազգուշացնում են, որ դատարկ ստամոքսին սուրճ խմելը շատ վնասակար սովորություն է, որը կարող է հանգեցնել ստամոքսի գրգռման ու աղիների աշխատանքի խանգարման: Նման խնդիրների դեպքում հաճախ են ի հայտ գալիս այնպիսի տհաճ ախտանշաններ, ինչպիսին են սրտխառնոցն ու ստամոքսի այրոցը: Սա պայմանավորված է նրանով, որ սուրճը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչն էլ սննդի բացակայության դեպքում վնասում է ստամոքսի լորձաթաղանթը:

Բացի այդ, դատարկ ստամոքսին խմելու դեպքում սուրճը նպաստում է օրգանիզմում կորտիզոլի մակարդակի բարձրացմանը, մինչդեռ անմիջապես արթնանալուց հետո դրա մակարդակն առանց այն էլ բարձր է լինում: Սթրեսի այս հորմոնը նորմայի սահմաններում լինելու դեպքում բավական դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, սակայն դրա մակարդակի բարձրացումը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ և դառնալ թուլության, դեպրեսիաների, աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումների, նյարդայնության, առատ քրտնարտադրության և անգամ վահանագեղձի աշխատանքի խանգարման պատճառ: Բացի այդ, կորտիզոլի բարձր մակարդակը կարող է դառնալ քաշի ավելացման պատճառ, ինչը հատկապես տհաճ խնդիր կդառնա նիհարել ցանկացողների համար:

Այս թարմացնող և էներգիա հաղորդող ըմպելիքն իսկապես կարող է շատ օգտակար լինել, սակայն նման արդյունքի համար հարկավոր է հետևել մասնագետների խորհուրդներին և ճիշտ օգտագործել այն: Խնդիրներից խուսափելու համար բժիշկները հորդորում են սահմանափակել սուրճի գործածությունն ու օրական խմել առավելագույնը 3 բաժակ սուրճ: Բացի այդ, վերոնշյալ խնդիրներից խուսափելու համար այն խորհուրդ է տրվում խմել արթնանալուց մի քանի ժամ անց, սակայն ոչ օրվա երկրորդ կեսին, քանի որ այս դեպքում էլ այն կարող է դառնալ քնի խանգարումների պատճառ:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика