Առողջական ինչ խնդիրներ կարող են առաջանալ նեղ ջինսե տաբատներ կրելու հետևանքով****

Նեղ ջինսե տաբատները կանանց զգեստապահարանի անբաժանելի մասն են կազմում, սակայն նման հագուստ կրելը կարող է բավական տհաճ հետևանքներ ունենալ և բացասաբար անդրադառնալ ինչպես արտաքինի, այնպես էլ առողջական վիճակի վրա: Գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ նեղ ջինսե տաբատները նպաստում են ցելյուլիտի զարգացմանը, իսկ սա ամենատարածված ու տհաճ խնդիրներից մեկն է: Բացի այդ, այս տաբատները կարող են հանգեցնել նաև մի շարք առողջական խնդիրների զարգացման, որոնք էլ կարող են շատ վտանգավոր լինել:

Հետազոտությունների արդյունքում բժիշկները եկել են այն եզրահանգման, որ նեղ ջինսե տաբատներ կրելն ու դրանցով հաճախ կռանալն ու կքանստելը կարող է վնասել նյարդային համակարգն ու բացասաբար անդրադառնալ արյան շրջանառության վրա, իսկ ցելյուլիտի առաջացման հիմնական պատճառը հենց արյան շրջանառության խանգարումներն են:

Ինչպես հաղորդում է Medikforum.ru կայքը, բժիշկները որպես օրինակ ներկայացրել են 35-ամյա մի կնոջ դեպքը, որը հոսպիտալացվել է ոտքերի ու կոճերի այտուցով: Բուժզննումը ցույց է տվել, որ ստորին վերջույթների թմրածությունը պայմանավորված է եղել ջինսե նեղ տաբատով, որն առաջացրել է արյան շրջանառության խանգարում: Ընդ որում՝ խնդիրն այնքան լուրջ է եղել, որ կինն անգամ չի կարողացել քայլել: Բժիշկները եկել են այն եզրահանգման, որ նեղ տաբատը սեղմել է մկաններն ու հանգեցրել այտուցի: Ի վերջո հյուսվածքները չեն ստացել անհրաժեշտ քանակությամբ թթվածին, խանգարվել է ոտքերի ու նյարդերի արյան շրջանառությունը, ինչն էլ նման հետևանքներ է ունեցել:

Մասնագետները պնդում են, որ հաճախ նեղ ջինսե տաբատները կրելը կարող է դառնալ նաև ցելյուլիտի առաջացման պատճառ: Նմանատիպ հագուստի պատճառով կանանց օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ սննդարար նյութեր, ինչը բարձրացնում է այնպիսի վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսին է երակների վարիկոզ լայնացումը: Նման վտանգավոր խնդիրներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խուսափել նեղ ջինսե տաբատներից և դիմել մասնագետին ցանկացած կասկածելի ախտանշանի դեպքում:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика