Արամե ու Աննան հետաքրքիր նախագիծ կներկայացնեն որն ուրիշների մտքով չի անցել կամ չեն համարձակվել անել և մենահամերգի հետաքրքիր դրվագները հյուրերն ու նորութունը

«Վայրի վարդեր», «100 տարի», «Արցունքիս մեջ», «Առավոտ», «Կապույտ երկինք». սրանք այն երգերն են, որոնք ժամանակին հիթեր էին, սակայն տարիների ընթացքում Արամեի երգացանկն ընդլայնվեց ու հին երգերը դուրս մնացին Արամեի համերգային երգացանկից:

Երեկ՝ իր երևանյան մենահամերգի ժամանակ Արամեն որոշել էր ընդգրկել նաև այս երգերը, որոնք ապահովեցին երեկոյի նոստալգիկ տրամադրություն: Իհարկե, երեկոյի ընթացքում հնչեցին նաև երգչի նոր երգերն ու պրեմիերաներ:

Tert.am Life-ը ներկա է եղել Արամեի երևանյան մենահամերգին ու ներկայացնում է հետաքրքիր մանրամասները: Բեմելից առաջ Արամեն հուզված էր. կարոտել էր Երևանի հանդիսատեսին:

«Այս տարիների ընթացքում ունեցել եմ հարյուրավոր շրջագայություններ, սակայն հիմա այնպիսի հուզմունք կա մեջս, որը չեմ կարող բացատրել: Չգիտեմ, գուցե, վաղուց չեմ ներկայացել հայաստանաբնակ հանդիսատեսի առաջ, դա է պատճառը: Առաջին իսկ վայրկյաններից պետք է փորձեմ քաղել հանդիսատեսի տրամադրությունն ու հասկանամ, թե որ ուղղությամբ տանեմ համերգը: Հուզմունքս իսկապես շատ է»,- ասաց նա:

Արամեն շեշտեց, որ պատրաստել է երգեր, որոնք տարիներ առաջ է կատարել, երբ նոր էր մուտք գործում հայկական շոու բիզնես ու նկատեց, որ կարոտով է ներկայացնելու այդ երգերը: Նա այնքան վաղուց չի կատարել այդ ստեղծագործությունները, որ բեմում բառերի հուշարար են տեղադրել:

«Ես այս երեկոն «երաժշտական համերգ» եմ անվանում: Ձևակերպումը, գուցե, ճիշտ չէ, սակայն այդպես եմ ասում, քանի որ մեծ նվագախմբով ներկայացնելու եմ երգեր, որոնք տարիների ընթացքում թե՛ իմ սրտին են կպել, թե՛ հանդիսատեսի: Քեֆ-ուրախությունը, որ պատկերացնում ենք, համալրվել է մթնոլորտային երգերով, որոնք շատ վաղուց չեմ երգել ու ինքս կվայելեմ երգելու ընթացքը»,- ասաց նա:

Համերգը, սակայն, միայն նոստալգիկ չէր: Երգիչը 2 զուգերգի պրեմիերա ներկայացրեց, մեկն Անժելիկա Ագուբաշի, մյուսը՝ Դիանան Գուրցկայայի հետ: Երգիչը զուգերգ կատարեց նաև կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ: Նա կատակեց, որ կարիք չկար սիրելիին համոզել մասնակցել համերգին, ավելի դժվար է Աննային համոզել իջնել բեմից:) Նա նկատեց, որ իր նախրորդ՝ Կրեմլում կայացած մենահամերգի ժամանակ ևս Աննան հղի էր. «2 տարի առաջ՝ իմ մենահամերգին Աննան բալիկի էր սպասում ՝ մեր հրաշք աղջկան, այսօր էլ սպասում ենք մեր տղային: Հենց բալիկի ենք սպասում, մենահամերգ եմ անում»:

Կնոջ հետ երգչի համագործակցությունը միայն զուգերգով չի սահմանափակվի: Նա խոստացավ հետաքրքիր համագործակցություն, որը, սակայն, «Ունենք ձայնագրած երգեր ու հետաքրքիր նախագիծ Աննայի հետ, բայց դեռ ժամանակը չի հասնում այն ամբողջացնելուն ու ներկայացնելուն: Երգերը պատրաստ են և հենց հնարավորություն լինի, կստեղծենք հետաքրքիր պատմություն ու կներկայացնենք հանրությանը: Շատ հետաքրքիր բան ենք մտածել: Մինչև հիմա ոչ ոք նման բան չի արել, գուցե, չեն համարձակվել, գուցե, մտքներով չի անցել: Մեր մտքով չի անցել: Չգիտեմ՝ որքանով է լավ, բայց կանենք»,- ասաց երգիչը՝ պահելով ինտրիգը, թե ինչ են պատրաստվում անել:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի։ Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան։ Աղբյուր։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика