Բալային համակարգի ներդրման նպատակը պոտենցիալ իրավախախտներին կարգի հրավիրելն է, բայց այս օրենքն ավելի շատ վերաբերելու է քիչ թե շատ օրինապաշտ վարորդներին, իսկ իրավախախտները ելքեր կրկին գտնելու են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը՝ անդրադառնալով բալային համակարգի օրենքին։
Նա նկատեց՝ օրենքը լավն է, բայց վարորդների այն հատվածը, որը բոլոր փոփոխություններում միշտ ելքեր է փնտրում, ելք գտնելու է նաև այս դեպքում և նրանց վրա օրենքը չի ազդելու։ Ա.Խաչատրյանի խոսքով՝ սա ընդամենը գեղեցիկ աժիոտաժ է լինելու. «Հրաշալի գրած է, բայց մի երկու բացթողումների պատճառով այդ հատվածը միշտ առիթավորվելու է»,-ասաց Արտակ Խաչատրյանը։
Հարցին՝ որոնք են այդ բացթողումները, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ենթադրենք հարևան-բարեկամի վրա ակտեր գրելը։ Արդեն շուկայական հարաբերություններ են ծավալվում, բալեր են ծախում։ Այսինքն` օրինակ` Ձեր համաձայնությամբ հայտնում եք ինձ Ձեր տվյալները, գումարը տալիս եմ ու լրացնում Ձեր տվյալները, որ Դուք եք եղել ղեկին։ Այդպես, ենթադրենք ունենում եմ 9-ի տեղը 17 բալ, հետո գտնում եմ մեկ ուրիշին ու կունենամ 26 բալ»,-ասաց Արտակ Խաչատրյանը։
Վերջինս նշեց, որ բազմիցս ասել են՝ մեքենան առգրավելը և աճուրդով վաճառելը պետք է ավանդույթ դառնա, որպեսզի մարդը կորցնելու բան ունենա. «Հայաստանում թե՛ պետական մարմինները, թե՛ ժողովուրդը մի քիչ մեքենային շատ են սրբացնում ու լուրջ վերաբերում։ Էլի սեփականություն է գույքը, բայց օրենքը թույլ է տալիս օրենքով սահմանված դեպքերում առգրավել։ Օրինակ Դուբայում «դրիֆթ» անողների մեքենաներն են առգրավում, պետականացնում։ Բելառուսում խմած վարորդների մեքենաները վերցնում, կոնֆիսկացնում են ու աճուրդով վաճառում»,-նշեց Արտակ Խաչատրյանը։
Վերջինս կարծում է՝ օրենքը երթևեկության վրա ազդեցություն չի ունենալու։ Նրա խոսքով բոլորը պարզապես բալերից են խոսում, առնում-ծախում, գրում-ջնջում։ Արտակ Խաչատրյանը խնդրահարույց է համարում նաև վարորդական իրավունքի կասեցման ժամկետի հարցը. «Հիմա վարորդականը կասեցվում է, վարորդին պարտադրում, ասում է՝ գնա քննություն հանձնելու։ Դա հրաշք միտք է, բայց այստեղ խնդիր կա։
Այն վարորդը, որը կյանքում երթևեկության կանոններից գլուխ չի հանել, ինքն ուղղակի ոտքը կախ կգցի, կսպասի այդ կես տարին լրանա, կասեցումն արդեն կվերանա»,-նշեց Արտակ Խաչատրյանը, ում համոզմամբ կասեցումը պետք է անժամկետ լիներ մինչև վարորդի՝ տեսական քննություն հանձնելը։Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգ, ըստ որի՝ տրված 9 բալը սպառելու դեպքում վարորդները վեց ամսով կզրկվեն մեքենա վարելու իրավունքից։Ստորև ներկայացնում ենք խախտումների ցանկը, դրանց համար սահմանված տուգանքը և դրանցից հանվող միավորները։