Դերասան Բեն Ավետիսյանը երկրպագուներին շուտով ներկայանալու է որպես երգիչ, սակայն սա Բենի հերթական դերերից չէ, նա իսկապես որոշել է իրեն փորձել երաժշտական ասպարեզում։ Դերասանն իր դեբյուտի համար ընտրել է ռուսական ստեղծագործություն՝ «Талисман»։
Օրերս ստեղծագործության հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որի պրեմիերան նախատեսում են նոյեմբերի 22-ին։ Tert.am Life-ի հետ զրույցում Բենը պատմել է անսպասելի ոորոշման մասին և լուսանկարներ տրամադրել տեսահոլովակի նկարահանումներից։
Թե ինչով է պայմանավորված ռուսերեն երգի ընտրությունը՝ դերասանն ասաց․ «Առաջին փորձս որոշեցի անել ռուսերեն ստեղծագործությամբ, քանի որ սիրում եմ ռուսական փոփ, հիփ-հոփ և հաճախ եմ լսում։ Կա մի ոճ, որը, ըստ իս, իմն է, որոշեցի հենց դա էլ երգել։ Սիրային թեմայով հետաքրքիր գործ ենք ստացել, պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատել։ Ինչու ոչ, սա կարելի է նաև ռուսական շոուբիզնես մտնելու փորձ համարել։ Եթե այս ստեղծագործությունը լսեն Ռուսաստանում, ռուս լսարանին հայտնի դառնա, միայն օգուտ կլինի ինձ համար։ Բացի այդ, մենք Հայաստանում շատ ենք լսում ռուսական ստեղծագործություններ, ռուս երգիչներին, կարող ենք դա լսել հայ կատարողի մեկնաբանմամբ։ Բառերն ու երաժշտությունը գրել է իմ շատ լավ ընկեր Ալեքսանդր Խաչատրյանը, ով ապրում է Ռուսաստանում, գործիիքավորումն արել է Ջորջը»։
Խոսելով տեսահոլովակի մասին՝ Բենը նշեց, որ հետաքրքիր սյուժեով հոլովակ են ստացել։ «Տեսահոլովակի համար ևս աշխատել եմ պրոֆեսիոնալ մարդկանց հետ, ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է, հերոսուհին՝ Զեփյուռ Բրուտյանը, ով ապրում է Ռուսաստանում, մասնագիտությամբ դերասանուհի է։ Իրեն առաջարկեցինք նկարահանվել, լսեց երգը, ծանոթացավ տեսահոլովակի սյուժեին և ընդունեց առաջարկը։ Նա Հայաստան է եկել հատուկ այս տեսահոլովակում նկարահանվելու համար»,- ասաց դերասանը։
Հարցին, թե որքանո՞վ էր ռիսկային հայտնի դերասանի համար երգելն ու տեսահոլովակ նկարահանելը, նա պատասխանեց․ «Երգելու փորձ նախկինում չեմ ունեցել, առաջին երաժշտական գործս է։ Իհարկե, Թատերական ինստիտուտում վոկալի դասեր անցել եմ, որովհետև դերասանը պետք է նաև երգի և պարի։ Ինչ վերաբերում է երգ թողարկելուն, շատերի նման ես էլ սովորություն եմ ունեցել տանը երգելու, այդ ցանկությունը միշտ եղել է, սակայն սպասում էի, որ պահը հասունանա, ընկերներիս խորհրդով այդ պահը հասունացավ, ամեն ինչ հասավ նրան, որ կարելի է փորձել։ Փորձել եմ ու չեմ կարծում, որ վատ բան եմ անում, հակառակը, փորձում եմ հաճելի, հետաքրքիր գործով ներկայանալ։ Գուցե այս ամենը պրեֆեսիոնալ չէ, որովհետև չունեմ երաժշտական պրեֆեսիոնալ կրթություն, սակայն փորձում եմ»։
Ըստ Բենի՝ հետագայում երաժշտական պրոֆեսիոնալ կրթություն ստանալու ցանկություն ունի․ «Մտադիր եմ հետագայում գնալ վոկալի դասընթացների, չնայած երաժշտական այն ոճը, որով ինձ պատկերացնում եմ, առանձնապես պրոֆեսիոնալ վոկալային գիտելիքներ չի պահանջում: Սյնուամենայնիվ, թե՛ ցանկություն, թե՛ մտադրություն ունեմ կրթության տեսանկյունից ամեն ինչ առավել պրոֆեսիոնալ մակարդակ տեղափոխելու»։
Նշենք, որ ստեղծագործության անոնսն արդեն հասանելի է։ Խոսելով անոնսի արձագանքների մասին՝ Բենն ասաց․ «Անոնսի արձագանքներն իսկապես շատ դրական են եղել, լավ արձագանքներ եմ ունեցել։ Բոլորին հետաքրքիր է, թե ինչ պատմություն ենք ունենալու տեսահոլովակում, ինչ երգ է լինելու, ինչպիսին է ստեղծագործությունը։ Փոքրիկ անոնսն արդեն հասանելի է և մեկնաբանությունները գրեթե բոլորը դրական են։ Մարդիկ սպասում են։ Դրական արձագանքների հետ, իհարկե, կան նաև մեկնաբանություններ, թե բա դու էլ սկսեցիր երգել, բայց ինքս դրա մեջ վատ բան չեմ տեսնում, որովհետև մտածում եմ, որ մարդկանց համար անսպասելի է եղել նույնքան, որքան ինձ համար էր ժամանակին անսպասելի»։
Հեղինակ Զառա Ղազարյան։ Աղբյուր