Դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 31-ին Կառավարության նիստում որոշվել է, որ գիշերօթիկ դպրոցների փոխարեն Երևանում և մարզերում կբացվեն ցերեկային աջակցման կենտրոններ, իսկ Երևանում, Կապանում և Գյումրիում՝ ճգնաժամային աջակցման կենտրոններ: Այդ օրը Կառավարության որոշումով լուծարվել է 5 կենտրոն՝ «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» և «Վանաձորի մանկատունը» գիշերօթիկ դպրոցները:
Tert.am-ը բողոքներ է ստացել, որ գիշերօթիկ դպրոցների լուծարումից հետո ցերեկային խնամքի կենտրոններն իրենց գործառույթները պատշաճ կերպով չեն իրականացնում, ավելին՝ որոշ համայնքներում դեռ չեն գործում խնամքի ցերեկային կենտրոնները: «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության լուծարումից հետո քաղաքում փոխարինող որևէ այլ հաստատություն չի գործում: Հաստատության նախկին աշխատողներից Նունե Հովսեփյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հաստատության լուծարումից հետո իրենց մոտ ոչ մի այլընտրանք չի ստեղծվել:
«Որևէ բան չի գործում, որևէ ծրագիր չկա: Համարել են, որ մեր դպրոցը՝ որպես ցերեկային կենտրոն հարմար չի, քաղաքից կտրված է, քաղաքում ցերեկային կենտրոն չկա և որևէ լուր չունենք, թե ապագայում կարող է լինի»,- ասաց Նունե Հովսեփյանը: Հաստատության 15 աշխատողները գործազուրկ են: Հովսեփյանը նշեց, որ երեխաներին երբեմն-երբեմն անհատ բարերարներ են օգնում:
Tert.am-ը գրավոր հարցումով դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու համար, թե գիշերօթիկ հաստատությունների լուծարումից հետո, ցերեկային խնամքի կենտրոններ որ համայնքներում են գործում, ինչ կազմակերպություններ են շահել մրցույթը:
Նախարարությունից տեղեկացրել են, որ այլընտրանքային ծառայությունների ցանցի ձևավորման և ընդլայնման նպատակով 2020-ին գնահատված առկա ռեսուրսների հիման վրա ՀՀ պետական բյուջեում ներառվել են նոր ծրագրեր: Սույն ծրագրերը հասարակական կազմակերպություններին պատվիրակելու նպատակով նախարարությունն իրականացնում է մրցույթներ: Այսպես՝ «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» մրցույթում հաղթող կազմակերպություններից են «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը:
Պետության աջակցությամբ այս կազմակերպությունը ցերեկային խնամքի կենտրոններ է բացել 9 համայնքում: Տավուշի Իջևան, Արագածոտնի Թալին, Ապարան, Սյունիքի Սիսիան, Գեղարքունիքի Ճամբարակ, Վարդենիս, Շիրակի Ամասիա, Տավուշի Նոյեմբերյան և Լոռու Ալավերդի համայնքներում: Յուրաքանչյուր կենտրոնի համար նախարարությունը կազմակերպությանը տրամադրել է 9,346,000 դրամ, ինը կենտրոնների համար ստացվում է ավելի քան 84,114,000 դրամ:
Մրցույթը շահած մյուս կազմակերպություններից են՝ «Լիարժեք կյանք» ՀԿ, որին տրամադրվել է 8,928,000 դրամ, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ՝ 16,496,000 դրամ, «Ձեզ համար» ՀԿ՝ 6,528,000 դրամ, «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ՝ 11,558,000 դրամ, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ 8,855,000 դրամ, «Երեխաների աջակցություն հիմնադրամ» 14,621,000 դրամ, «Ընտանիք և համայնք» ՀԿ՝ 8,5 մլն դրամ և կրկին «Հայկական Կարիտաս» ԲՀԿ 8,819,000 դրամ:
Այսինքն՝ մրցույթը շահել է 8 կազմակերպություն, որոնք պետության աջակցությամբ ծառայություններ են մատուցում 17 համայնքում: Նախարարությունից Tert.am-ը հետաքրքրվել էր, քանի՞ երեխա է հիմա հաճախում ցերեկային խնամքի կենտրոններ: Այս հարցին ի պատասխան նախարարությունը տեղեկացրել է, թե մրցույթը շահած ոչ բոլոր կազմակերպությունների հետ են պայմանագիր կքնել:
«Հասարակական կազմակերպությունների մի մասի հետ պայմանագրերն արդեն կնքված են, մյուսներն ընթացքի մեջ: Այն կազմակերպությունները, որոնց հետ կնքվել են պայմանագրերը, իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ, մի մասը տրամադրում է նաև ծառայություններ: Երեխաների հստակ թիվ հնարավոր կլինի ներկայացնել միայն պայմանագրերի կնքումից հետո, գործունեության առաջին ամսական հաշվետվությունների արդյունքներն ամփոփելուց հետո»,- նշված է նախարարության պատասխանում:
Ֆինանսավորման վերաբերյալ նախարարությունը տեղեկացնում է, որ կազմակերպությունները ֆինանսավորվում են պայմանագրով նախատեսված ծառայությունները տրամադրելուց հետո՝ ամսական կտրվածքով՝ փաստացի իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության հիման վրա և հավելում, որ այս պահի դրությամբ ֆինանսական հատկացում դեռևս չի իրականացվել:
Ի պատասխան հարցին, թե ցերեկային խնամքի քանի կենտրոն, նախարարությունից նշել են, որ պատվիրակված ծառայություններից բացի՝ մեկական ՀՀ յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում, ինչպես նաև՝ 30 համայնքում, պետությունը ունի նաև երեխաների ցերեկային հոգածության 2 կենտրոն (Երևանում և Գյումրիում), երեխայի և ընտանիքի աջակցության 3 կենտրոն (Վանաձորում, Կապանում և Երևանում) և երեխայի աջակցության 1 կենտրոն Երևանում: 2020 թվականի ընթացքում ճգնաժամային աջակցության կենտրոններ կստեղծվեն նաև Գյումրում, Կապանում և Երևանում:
Tert.am-ի այն հարցին՝ արդյոք ստուգվել են պայմանները, արդյոք նորմալ գործում են այդ կենտրոնները կամ գործո՞ւմ են առհասարակ, թե ոչ, նախարարության պատասխանում մանրամասներ չկան և նշված է, որ մրցույթին մասնակցած կազմակերպությունները հավաստագրված են: «Մրցույթին մասնակցող բոլոր հասարակական կազմակերպությունները ՀՀ կառավարության սահմանված կարգին համապատասխան հավաստագրված են»:
Tert.am-ը ճշտել է, որ «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության հետ, որը մրցույթը շահած կազմակերպություններից է, նախարարությունը պայմանագիր արդեն իսկ կնքել է: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանը: Tert.am-ին հայտնի է դարձել, որ խնամքի կենտրոնները լիարժեք չեն գործում, ինչը տնօրենը հերքում է:
Նա նշեց, որ նմանատիպ ծառայություններ ունեն վեց մարզում՝ 14 կետում, բայց բոլորը չեն պետության կողմից ֆինանսավորվում, այլ ֆինանսավորվում է միայն 9-ը, այն էլ մասնակի: Էդիլյանը տեղեկացրեց, որ պետության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տարվա ընթացքում յուրաքանչյուր կենտրոն պետք է այցելի 180 երեխա:
«Տարվա ընթացքում 180 երեխա է նախատեսված, որ պետք է այցելի կենտրոն, յուրաքանչյուր ամիս այդ թիվը կարող է տարբեր լինել: Այս պահի դրությամբ միջինում 35-40 երեխա փետրվարին արդեն օգտվում է մեր կենտրոնների տարբեր ծառայություններից»,- ասաց նա և ընդգծեց՝ ծառայությունները տարբեր են՝ դասապատրաստումից մինչև կյանքի հմտություններ:
Հարցին՝ կենտրոններն անհրաժեշտ բոլոր մասնագետներով համալրվա՞ծ են, նա պատասխանեց. «Բոլոր կենտրոններն անհրաժեշտ նվազագույն մասնագետներն ունեն: Մոտ 15 տոկոս դեռ ունենք կադրերի համալրման խնդիր, որոշ կենտրոններում որոշ մասնագետներ չենք կարողացել գտնել: Մարզերում դժվար է լոգոպեդ գտնել, Ամասիայում պարզվեց դա մեծ խնդիր է: Փորձում ենք Գյումրիում գտնել լոգոպեդ, որը կհամաձայնի ամեն օր գնալ Ամասիա: Մարզային փոքր համայնքներում դժվար է նման մասնագետներ գտնել, այդուհանդերձ, մոտ 85 տոկոսը մասնագետների համալրված է, 15 տոկոսը դեռ թափուր են և համալրման պրոցեսում են»:
Ինչ վերաբերում է գրասենյակներին, Էդիլյանը նշեց, որ տարբեր մարզերում տարբեր են գրասենյակները: «Մեկը մեկից շատ տարբեր են: Որոշ տեղերում ունենք մեր գրասենյակները, որտեղ էլ իրականացվում են այդ ծառայությունները: Մի քանի կենտրոններ կան, որ նոր ենք նախատեսել տեղափոխվել, հիմա այդ տարածքներից որոշներում վերանորոգման աշխատանքներ են գնում, մի քանի կետերում նոր տարածքներ ենք ստացել ՏԻՄ-երից: Օրինակ՝ Ապարանում մեզ քաղաքապետն է տարածք հատկացրել, մենք այնտեղ հիմա վերանորոգման աշխատանքներ ենք անում, ներկայումս ծառայությունները «Վորլդ վիժնի» գրասենյակում են մատուցվում»,- ասաց նա:
Արագածոտնի մարզի «Վորլդ Վիժն» կազմակերպության ղեկավար Ռոման Հարությունյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ իրենք ծառայություններ սկսել են մատուցել 2020-ի փետրվարից: Արագածոտնում երկու կենտրոն ունի կազմակերպությունը, այս պահի դրությամբ սպասարկել են 20 երեխայի: Ռոման Հարությունյանը նշեց, որ թե՛ Թալինի, թե՛ Ապարանի կենտրոնները գործում են պետության կողմից հավաստագրված տարածքներում:
Այսինքն՝ ստացվում է, որ դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 31-ին լուծարված գիշերօթիկ դպրոցների փոխարեն կան համայնքներ, որտեղ այլընտրանք չի առաջարկվել: Ցերեկային խնամքի կենտրոններ բացելու համար մրցույթը շահած խոշոր կազմակերպություններից «Վորլդ Վիժն»-ի հետ պետությունն արդեն իսկ ունի կնքած պայմանագիր, և հատկացրել է ավլի քան 84 մլն դրամ, սակայն նրա բացած կենտրոններից ոչ բոլորն են համալրված անհրաժեշտ մասնագետներով: Ակնհայտ է, որ ցերեկային խնամքի կենտրոնների լիարժեք գործարկման համար ամբողջ նախապատրաստական աշխատանքները բավարար չափով արված չեն, որի հետևանքով կենտրոնները հունվարի փոխարեն բացվել են փետրվարին, իսկ ողջ ծավալով ծառայությունները չեն մատուցվում:
Բացի այդ, պետության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տարվա ընթացքում յուրաքանչյուր կենտրոն պետք է այցելի 180 երեխա: «Վորլդ Վիժոնի» տնօրենը նշում է, որ միջինում 35-40 երեխա փետրվարից արդեն օգտվում է իրենց կենտրոնների տարբեր ծառայություններից: Հարց է առաջացնում նաև այն հանգամանքը, թե ինչպե՞ս պետք է տարվա ընթացքում 180 երեխա այցելի օրինակ Ամասիայի ցերեկային խնամքի կենտրոն, եթե տվյալ համայնքում այդ թվով շահառու երեխա չկա:
Հեղինակ Ամալյա Առաքելյան: Աղբյուր