Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը երջանիկ կլինի, թող ձերբակալեն․ Սերժ Սարգսյան

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես իր ձերբակալության վերաբերյալ։ Արդյո՞ք չի վախենում, որ կարող են իրեն նույնպես ձերբակալել․ այս հարցին պատասխանելիս Սարգսյանը սկսել է նրանից, որ վախենում էր Արցախյան շարժման տարիներին, երբ Արցախը կորցնելու վտանգ կար։

«Հիմա էլ եմ վախենում։ Վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից։ Իմ անձի հետ կապված վախենալու որևէ բան չունեմ։ Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը համարվեն ամբողջովին բացահայտված, եթե ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, եթե ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»,- ասել է Սարգսյանը։

Երրորդ նախագահի խոսքերով՝ միայն հիմարը չի վախենում, բայց վախկոտ են համարվում այն մարդիկ, որոնք ինչ-որ ազդեցությունների պատճառով փոխում են իրենց որոշումները։

«Եթե հասարակությունից իմ բացակայությունը կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը շատ մեծ թափ կստանա, և հայրենադարձների հոսքը այնքան կմեծանա Հայաստան, որ մենք դրանով ուղղակի կհպարտանանք, թող ձերբակալեն»,- ասել է Սարգսյանը։

Նա ավելացրել է, որ ավելին հիմա չի ուզում խոսել, որովհետև խոստացել է պարզ և անկեղծ զրույց ունենալ քաղաքացիների հետ, և այդ զրույցի ժամկետը մոտենում է։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика