Ինչու են մասնագետները խորհուրդ տալիս COVID-19-ի համավարակի ընթացքում հրաժարվել կոնտակտային ոսպնյակներից

Կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված COVID-19-ի համավարակի ընթացքում կոնտակտային ոսպնյակների գործածությունը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ի («Российская газета») հետ զրույցում ասել է Պիրոգովի անվան բժշկավիրաբուժական ազգային կենտրոնի ակնաբուժական կլինիկայի ղեկավար Ռինատ Ֆայզռախմանովը։

Մասնագետի խոսքով՝ կոնտակտային ոսպնյակները կրելը բարձրացնում է վարակման հավանականությունը։ Եթե դրանցից հրաժարվելու հնարավորություն չկա, ապա հարկավոր է էլ ավելի լավ հետևել հիգիենայի կանոններին. լավ լվանալ ձեռքերը ոսպնյակները փոխելուց առաջ և կերակրի սոդայի լուծույթով հաճախ լվանալ ու չորացնել տարան, որոնցում դրանք պահվում են։ «Ինքնազգացողության վատթարացման, գրիպի կամ մրսածության առաջին ախտանշանների ի հայտ գալու դեպքում ոսպնյակներից հարկավոր է հրաժարվել», — նշում է Ֆայզռախմանովը։

Նման կանխարգելիչ միջոցները շատ կարևոր են, քանի որ գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել ոչ միայն օդակաթիլային ճանապարհով ու սերտ շփման հետևանքով, այլև աչքերի լորձաթաղանթի միջոցով։ Սա է պատճառը, որ հիվանդների հետ անմիջական շփման մեջ գտնվող մարդիկ, առաջին հերթին՝ բժիշկները, պետք է կրեն հատուկ պաշտպանիչ ակնոցներ։ Բժշկի խոսքով՝ վարակումը կարող է տեղի ունենալ կեղտոտ ձեռքերով աչքերին դիպչելու դեպքում, իսկ հիվանդության հարուցիչը կարող է ձեռքերին հայտնվել ամենատարբեր մակերևույթներին դիպչելու հետևանքով։

Գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսը պարունակվում է նաև COVID-19-ով վարակված և շաղկապենաբորբի (կոնյունկտիվիտ) ախտանշաններ ունեցող մարդկանց արտասուքի մեջ։ Ավելին՝ որոշ դեպքերում շաղկապենաբորբը հիվանդության առաջին ախտանշանն է լինում։ «Այսպիսով՝ կան փաստեր, որոնք վկայում են, որ վիրուսը կարող է առաջացնել շաղկապենաբորբ և փոխանցվել կաթիլների մասնիկների՝ շաղկապենու վրա հայտնվելու դեպքում։ Սա է պատճառը, որ կորոնավիրուսի առկայություն կարելի է կասկածել այն հիվանդների մոտ, որոնք ակնաբույժին են դիմել շաղկապենաբորբի ախտանշաններով, ունեն շնչառական համակարգի հիվանդությունների ախտանշաններ, ինչպես նաև նաև եղել են արտերկրում, հատկապես՝ ակտիվ բռնկումներով շրջաններում», — նշում է մասնագետը։

Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին, իսկ մարտի 11-ին ԱՀԿ-ն նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Հայտնի է, որ համաճարակը բռնկվել է Չինաստանի Հուբեյ նահանգի 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 960 063 դեպք, 49 156-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 203 114 մարդ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ընդհանուր թիվն այս պահին 663 է, բուժվածների թիվը` 33, մահվան ելքերը՝ 5։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика