10 տարվա դադարից հետո Արմուշն ու Վահագն Գրիգորյանը համատեղ նախագիծ են սկսել՝ Coffee in bed with Armush: Նախագծի համահեղինակներն ու սցենարիստները երկուսն են, հաղորդումը վարում է Արմուշը, տեսախցիկի հակառակ կողմում՝ ռեժիսորի կարգավիճակում Վահագնն է:
Վաղեմի ընկերները, որոնք նաև քավոր-սանիկ են, միասին չէին ներկայացել 2010 թվականից, երբ «32 ատամ» ակումբի թիմը բաժանվեց, ստեղծվեց «Վիտամին» ակումբը, Վահագնը մնաց «32»-ում, Արմուշը տեղափոխվեց «Վիտամին»: Արմուշը Tert.am Life-ին է վստահել ոչ միայն նոր նախագծի առաջին մանրամասները, այլև պատմել Վահագնի հետ ունեցած խնդրի, հետագայում հարաբերությունները պարզելու և ընտանեկան հարաբերությունները վերականգնելու մասին:
-Արմուշ, ի՞նչ նախագիծ եք սկսել:
-Մի քանի տարի է՝ ես աշխատում եմ ARTN tv-ում, վարում էի երեկոյան ծրագիրը, հետո կադրից դուրս էի աշխատում, հիմա կրկին եթերում եմ առավոտյան ծրագրով: Նոր օրն ինքն իրենով դրական է, այն պիտի սկսես լավ տրամադրությամբ, սակայն զգում էի, որ ինչ-որ բան պակաս է: Քանի որ վաղուց եթերով նոր բան չէինք արել, մտածեցինք՝ հետաքրքիր նախագիծ անել, որպեսզի բարի լույսը պոզիտիվ լինի:
Բոլորիս առավոտը սկսվում է անկողնում, որոշեցինք իրականացնել հայտնի ասացվածքը՝ «սուրճ անկողնում», հայավարի ասած՝ պառկենք, խոսենք: Հաղորդումն այդպես էլ կոչել ենք՝ Coffee in bed with Armush: Հյուրերին այնպիսի հարցեր ենք տալիս, որպեսզի հումորային, թեթև զրույց ստացվի, չենք պարտադրում անջատել հեռախոսը:
Եթե զանգ է գալիս, կարող են պատասխանել, եթերում կսպասենք, երբեմն էլ, կմասնակցենք զրույցին: Հագուստի ընտրության հարցում էլ լիովին ազատ ենք թողնում: Պարտադիր չէ անկողնային հագուստով լինեն, ցանկության դեպքում կարող են նույնիսկ կոստյումով պառկել:)
-Ինչպե՞ս անցավ առաջին նկարահանումը: Դու և Վահագնը մասնագիտական առումով երկար ժամանակ իրար բաց էիք թողել, այս տարիների ընթացքում ի՞նչն էր փոխվել:
-Շատ-շատ էինք կարոտել իրար և՛ համատեղ աշխատանքի մեջ, և՛ անձնական հարաբերություններում, որովհետև մենք իրոք ախպեր էինք, մինչև հիմա էլ ախպեր ենք: Այդ 4 տարվա ընթացքում կարծես Վահագնը մի տեղ խոպան գնացած լիներ, ես՝ այլ տեղ: Խոպանից հետո հանդիպել ենք՝ շատ կարոտած ու ոգևորված:
Իմ ու Վահագնի ստեղծագործական կյանքում ոչինչ չէր փոխվել: Վահագնը գիտի՝ ինչ պիտի անի Արմուշի համար, Արմուշն էլ գիտի՝ Վահագնին ինչ պիտի տա: Ինքը միշտ իմացել է՝ ինչ է գրում ինձ համար, վստահ է եղել՝ ինչ էլ մտածի, ինձնից ստանալու է: Մի խոսք ունի, ասում է՝ Արմուշին գրեմ աթոռ, աթոռ կստանամ: 1999 թվականից մենք իրար հետ ենք և աշխատանքային տարաձայնություններ չեն եղել: Մեր միջև նույն վստահությունն է, նույն ջերմությունը, նույն ախպերությունը, նույն քավոր-սանիկն ենք:
-Արմուշ, «32 ատամ»-«Վիտամին» բաժանումից տարիներ անց նրանք հյուրի կարգավիճակում եղան «Վիտամին»-ում, սակայն ձեր շփումն այլևս առաջվանը չէր: 10 տարի անց, համատեղ նախագիծ եք սկսել: Ինչպե՞ս որոշեցիք նորից համագործակցել:
-Ես ու Վահագնը երկար ճանապարհ ենք անցել միասին: Մինչև «32 ակումբ»-ը մենք իրար հետ սովորել ենք, խաղացել ՈՒՀԱ-ում: «32 ատամ»-ի և «Վիտամին»-ի բաժանումից հետո Վահագնը շարունակեց իր գործունեությունը, ես՝ իմ: Հետո եկավ մի պահ, երբ «Վիտամին»-ը դադար առավ, «32»-ն ավելի շուտ էր դադար առել, իրենք զբաղվում էին իրենց թատրոնով: Տարիներ անց կյանքի բերմամբ երկուսս էլ տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ: Մենք կարոտում էինք համատեղ աշխատանքի ձևաչափը և որոշեցինք կրկին միասին նախագիծ անել, որպեսզի այլևս չկարոտենք:
-Ինչպե՞ս վերսկսվեց ձեր շփումը «32 ատամ»-ի և «Վիտամին»-ի բաժանումից հետո:
-Իրականում մեր շփումը բաժանումից հետո էլ կար, բայց ամենօրյա չէր:
-Այնուամենայնիվ, գիտեմ, որ եղել է հանդիպում, որը շատ կարևոր է դարձել սերտ շփումը վերականգնելու համար:
-«32 ատամ»-ի և «Վիտամին»-ի բաժանումից հետո սերտ շփումը քչացավ: Եթե փողոցում պատահաբար հանդիպեինք, կբարևեինք, կհարցնեինք՝ ոնց ես, բայց հատուկ շփում չունեինք: «Վիտամին»-ը 2010-2014 թվականներին էր եթերում: 4 տարի մենք տարբեր ուղղություններով ենք նայել, այդ 4 տարվա ընթացքում էինք իրարից հեռվացել:
Դրանից հետո 2 տարի ինքն իր գործունեությունն էր ծավալում Հայաստանում, ես սիքթքմում էի նկարահանվում: Այդ ընթացքում մեր հարաբերություններն ամենօրյա չէին, ինչպես առաջ, բայց զանգեր, գործի բերումով շփում արդեն ունեինք: Դեռ Հայաստանում խոսել էինք, բայց Վահագնը դեռ գործունեություն էր ծավալում Կարեն Բաբաջանյանի հետ:
Հարաբերություներն ավելի կարգավորվեցին, ջերմ շփումը վերականգնվեց ԱՄՆ-ում: 2016-ին ես տեղափոխվեցի ԱՄՆ, 2017-ին Վահագնը եկավ այստեղ ելույթի: Հանդիպեցինք, շատ ջերմ շփվեցինք, հետո նա այստեղ աշխատանքի առաջարկ ստացավ և տեղափոխվեց:
Այստեղ ավելի խորը պարզեցինք մեր հարաբերությունները, ամենակարևորը, ճշտումներ արեցինք, թե ինչու միասին չմնացինք.
Վահագնը իր պատճառներն ուներ «32 ատամ»-ը շարունակելու, ես իմ պատճառներն ունեի «Վիտամին»-ը նոր նախագծով սկսելու համար: Այդ փուլում մեր ցանկությունները չհամընկան, բայց ես գիտեի, որ դա այդպես մնալ չի կարող. բացի այն, որ մենք իրար հետ ճանապարհ ենք անցել, նաև քավոր-սանիկ ենք՝ Վահագնը իմ հարսանիքի քավորն է:
-Սակայն այդ ընթացքում չէին պահպանվել նաև ձեր անձնական հարաբերությունները. մի բան է դրսում տեսնել և բարևել իրար, այլ բան է՝ ջերմ շփում ունենալ: Դու սովորաբար ասում ես, որ սառն ես նայում կյանքին, բայց այդ ընթացքում ափսոսանք չունեի՞ր: Ի վերջո, դուք քավոր-սանիկ էիք, ոչ միայն գործընկերներ, այլև ընկերներ:
-Իհարկե կար: Ժամանակին, երբ ասում էին Վահագն, միանգամից Արմուշ էլ էին պատկերացնում և հակառակը: Մեր դուետը շատ հայտնի էր: Ես ափսոսում էի այդ 4 տարվա համար, որ մենք իրար հետ չենք եղել: Միաժամանակ, ես կյանքին ռեալ եմ նայում, գիտեի, որ շուտով ամեն ինչ փոխվելու է, այդպես էլ եղավ: 4 տարի հետո Վահագնը եկավ այն եզրակացության, որին ես ավելի շուտ էի եկել:
Կյանքում ամեն ինչ հնարավոր է: Ոչ մեկս երաշխավորված չենք նման բանից: Պահ եկավ, երբ նա ընտրեց իր ճանապարհը, ես՝ իմ: Բնականաբար, տարանջատում եղավ, սակայն ժամանակ անց հանգեցինք այն կետին, որ նորից միասին ենք: Երևի, ժամանակ էր պետք, որպեսզի ամեն մեկս առանձին մեր անելիքն աներ, հետո էլի միանայինք իրար: Ես դրան նորմալ եմ վերաբերում: Նույնիսկ այդ բաժանման տակ ենթատեքստեր չեմ փնտրել, ուղղակի համակերպվեցի այն մտքի հետ, որ ամեն մեկս մեր ճանապարհով ենք գնալու:
-Կինդ՝ Լուսինեն, տեսակով շատ ջերմ մարդ է: Ձեր կոնֆլիկտին իր արձագանքն ինչպիսի՞ն էր: Ի վերջո, այստեղ կար նաև ընտանեկան շփում, ինչպե՞ս խնդիրն անդրադարձավ իր հարաբերությունների վրա:
-Լուսինեն երբեք չի հրաժարվել Վահագնից, անգամ, երբ մեր ճանապարհները բաժանվեցին, Լուսինեն հստակ ասաց՝ ձեր հարաբերություներն ինձ չեն հետաքրքրում, դա չի կարող անդրադառնալ իմ հարաբերությունների վրա: Բնականաբար, դա առողջ մտածելակերպ է: Վահագնը շատ լավ մարդկային որակներ ունի, բացի տաղանդավոր լինելը, նա մեծատառով մարդ է: Մենք ընտանիքներով էինք ամեն օր իրեր հետ եղել՝ ես, Վահագնը, Իռենն ու Լուսոն:
-Հիմա ի՞նչ շփում ունես Կարեն Բաբաջանյանի հետ:
-Տարին մեկ անգամ կարող է ինչ-որ տեղ հանդիպենք, ողջունենք իրար, հարցնենք՝ ոնց ես, ոչ ավելին:
-Այն ժամանակ Վահագնը մնաց Կարենի հետ, դուք, գրեթե, ամբողջ կազմով հիմնեցիք «Վիտամին»-ը: Հիմա Վահագնի հետ հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին ես խոսում, Կարենի հետ շփման մասին հարցին նույն ոգևորությամբ չարձագանքեցիր: Բաժանման մեջ որքանո՞վ կար Կարենի գործոնը:
-Կարենը շատ մեծ ազդեցություն ունեցավ Վահագի վրա: Ես դա նկատել էի, բայց դիմացինդ կարող է չգիտակցել ու չհամաձայնել քեզ հետ, մարդուն պետք է ազատ ընտրություն տաս, իրավունք չունես իրեն ստիպելու քեզ պես մտածել: Ես ինչքան էլ հեռատես լինեմ ու հասկանամ, որ գործի առումով չարժե շարունակել այդ մարդու հետ, փորձեմ հարազատիս խորհուրդ տալ, որ այդտեղ ապագա չկա, չեմ կարող ինձ իրավունք վերապահել համոզել: Ես ամեն ինչ թողեցի կյանքի ընթացքի վրա, իսկ կյանքը բերեց այն ուղուն, որ ինքն էլ հակացավ, որ սխալվել էր իր հեռանկարների մեջ: Դրա համար իրեն 4 տարի էր պետք:
Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան։ Աղբյուր