Ինչպես են հայտնի մայրիկները երեխաներին պաշտպանում կորոնավիրուսից

Հայաստանում արդեն հաստատվել է կորոնավիրուսով վարակման 8 դեպք, 88 անձ մեկուսացված է: Ուսումնական հաստատությունները չեն աշխատի մինչև մարտի 23-ը: Tert.am Life-ը հայտնի մայրիկների հետ զրուցել է, թե ինչպես են պաշտպանվում կորոնավիրուսից: «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը բավականին վախենում է վարակից, ավելին, մինչև ուսումնական հաստատությունների փակվելը նա արդեն երեխաներին տանն էր պահում: Այս ամիս դուրս էին եկել նաև բոլոր խմբակներից:

«Բավականին սահմանափակել եմ երեխաների շփումները: Նույնիսկ մեր դայակին մեքենայով ենք տանում-բերում: Պատրաստվում ենք մի քանի օրից մեկնել ծով, որպեսզի բարձրացնենք երեխաների իմունիտետը: Այս ընթացքում շատ ենք զբոսնում մաքուր օդին, վիտամիններ ենք խմում, ախտահանում եմ բոլոր իրերը: Ես ու Լուսինեն առաջին հերթին երեխաների և մեր մայրիկի համար ենք անհանգստանում, քանի որ մեծահասակներն ավելի խոցելի են»,- ասաց Իրինան:

Նա նկատեց, որ այս ամենն իր դրական կողմն էլ ունի՝ բոլոր գործերը հետաձգել են ու երեխաների հետ շատ ժամանակ են անցկացնում, զրույցի պահին էլ պատշգամբում ճաշում էին փոքրիկների հետ: Նախորդ ամիս նա և քույրն Իտալիայում էին: Իրինան հայտնեց, որ այն ժամանակ վիրուսը մեծ տարածում չուներ Իտալիայում, ամեն դեպքում, վերադարձից հետո հանձնել է անհրաժեշտ բոլոր անալիզները:

Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանը, ճիշտ հակառակը, տխրել է, որ ուսումնական հաստատությունները փակել են: «Տխրել եմ, որ մանկապարտեզը փակել են, քանի որ աշխատանքային բոլոր ծրագրերս ձախողվեցին: Մի տեսակ լուրջ չեմ ընդունում այս ամենը: Սովորական հիվանդություն է, որը մահացու չէ, եթե հատուկ հիվանդություն չունես: Փոքր տարիքի երեխաներին, կարծում եմ, վտանգ չի սպառնում: Վերջերս տան բոլոր անդամներով հիվանդ էինք, դրանից ավելի վատ հիվանդանալ չեմ պատկերացնում»,- ասաց նա: Ամեն դեպքում Աստղիկը նշեց, որ երեխաները հասարակական վայրերում չեն լինում, հիմնականում այգի են գնում, հետևում են հիգիենային:

Դերասանուհի Օլյա Հակոբյանը սկսել է անհանգստանալ վիրուսի պատճառով: Երեխաների շփումը սահմանափակել է, իրենը՝ ոչ: «Բարեբախտաբար դպրոց և մանկապարտեզ չենք գնում, հավելյալ պարապմունքները ևս չեղարկվել են: Մինչև դպրոցների փակվելը գնում էինք դպրոց, բայց հիմա արդեն ես էլ եմ վախեցած: Երեխաների շփումները սահմանափակել եմ, իմը՝ ոչ: Իմ նկարահանումները շարունակվում են: Մենք աշխատում ենք, որպեսզի մարդիկ, որոնք տանն են մնացել, հեռուստացույցով նայելու բան ունենան»,- ասաց նա ու հավելեց, որ քանի որ չի կարող սահմանափակել իր աշխատանքը, երեխաների խնամքի հարցում դիմում է մայրիկի և դայակի օգնությանը: Նա շեշտեց, որ երեխաներին պաշտպանելու համար պետք է ուղղակի հետևել հիգիենային, նաև վիտամիններ են խմում:

Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика