Ինչ հիվանդությունների զարգացման պատճառ կարող է դառնալ սուրճի չարաշահումը

Գիտնականներն անց են կացրել խոշոր գենետիկական հետազոտությունը, որի ընթացքում վերլուծել են սուրճի գործածության և որոշակի հիվանդությունների զարգացման հավանականության միջև փոխադարձ կապը։ Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են բրիտանական Բիոբանկի 333 214 մասնակցի տվյալները։

Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Clinical Nutrition պարբերականում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ չարաշահման դեպքում սուրճը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել։ Ընդ որում՝ գիտնականները վստահ են, որ ստացել են այս պահի դրությամբ ամենաճշգրիտ տվյալները։

Մասնագետների խոսքով՝ նախկինում սուրճի ազդեցության վերաբերյալ հետազոտություններն անցկացվել են հասարակ հարցումների միջոցով, սակայն այդ մեթոդի դեպքում զգալի անճշտություններ են լինում, քանի որ այն թույլ չի տալիս դիտարկել նաև մարդու օրգանիզմի վրա ազդող բոլոր այլ գործոնները։ Նոր հետազոտության համար գիտնականները կիրառել են ավելի հստակ գենետիկական մեթոդ՝ մենդելեևյան ռանդոմիզացիան։

Նրանք նախ պարզել են, թե ինչ գենետիկական տարբերակներ են կապված սուրճի հաճախակի գործածության հետ, որից հետո օգտվել են բրիտանական Բիոբանկի տվյալներից, որը տրամադրում է տեղեկություն հարյուր հազարավոր մարդկանց գենետիկայի և առողջության վերաբերյալ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճի չարաշահման ֆոնին հաճախ էին զարգանում այնպիսի խնդիրներ, ինչպիսին են օստեոարթրիտը, արթրոպաթիան և ճարպակալումը։ Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ օրական մինչև վեց բաժակ սուրճը համարվում է անվնաս չափաբաժին և որևէ խնդիր չի առաջացնի։

«Ամբողջ աշխարհում մարդիկ օրական երեք միլիարդ բաժակ սուրճ են խմում, ուստի հարկավոր է ուսումնասիրել դրա դրական ու բացասական ազդեցություններն առողջության վրա», — նշում է հետազոտության համահեղինակ, Հարավային Ավստրալիայի համալսարանի պրոֆեսոր Էլինա Հիպպյոնենը։

Մասնագետներն ընդգծում են, որ հոդերի հիվանդությունների կամ ճարպակալման հակում ունեցող մարդիկ պետք է անպայման հաշվի առնեն այս հետազոտության արդյունքները։ Գիտնականների խոսքով՝ այն չի վկայում սուրճի վնասակարության մասին, սակայն հիշեցնում է, որ այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել չափավոր ու չչարաշահել։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика