Հազն ամենատարածված խնդիրներից է և շնչառական համակարգի հիվանդությունների հիմնական ախտանիշներից մեկը։ Այն կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, որոնց շարքին են դասվում ալերգենները կամ այլ գրգռող նյութերը, ինչպիսին են ծխախոտի ծուխը, արտաքին միջավայրի աղտոտվածությունը, քիմիական նյութերի գոլորշիները, օծանելիքը, օդի բուրավետիչները և այլն։ Բացի այդ, հազի պատճառ կարող են դառնալ նաև առողջական խնդիրները, այդ թվում՝ մրսածությունը, վերին շնչուղիների վարակները, գրիպը, թոքաբորբը, կապույտ հազը և այլն։
Հազը կարող է լինել ինչպես առանձին խնդիր, այնպես էլ տարբեր վտանգավոր հիվանդություններ ախտանշան, ուստի հազի բարեհաջող բուժման համար առաջին հերթին հարկավոր է պարզել դրա պատճառը։ Սակայն ցանկացած դեպքում կարելի է մեղմել հազը ժողովրդական դեղամիջոցներով, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում դեղատնային միջոցներին։ Հազի դեպքում մասնագետներն առաջին հերթին խորհուրդ են տալիս հնարավորինս շատ ջուր խմել և ինհալացիաներ անել (բացառված է ասթմայի դեպքում): Բացի այդ, կարելի է նաև հազն ու կոկորդի ցավը մեղմող հատուկ սառնաշաքարներ օգտագործել, ինչպես նաև աղաջրով ողողումներ անել։
Հազից հնարավորինս շուտ ազատվելու համար խորհուրդ է տրվում քնել հավելյալ բարձով, ինչը թույլ կտա բարձրացնել գլուխն ու կանխել գիշերվա ընթացքում սպազմների առաջացումը։ Բացի այդ, ցանկալի է խուսափել վնասակար սովորություններից ու արտաքին գրգռիչներից, ինչպիսին են փոշին, օծանելիքը կամ այլ տարրերը։ Հազի դեմ պայքարի փորձված ու արդյունավետ միջոց է նաև բնական մեղրը: Ընդ որում՝ այն կարելի կիրառել անգամ երեխաների հազը բուժելու համար: Չի կարելի անտեսել նաև կոճապղպեղով թեյը, ինչպես նաև նվենու յուղը, որը հարկավոր է քսել կրծքավանդակին:
Թոքերում կուտակված լորձը դուրս բերելու համար շատ արդյունավետ կարող են լինել անանուխով թեյն ու մենթոլը: Բացի այդ, որպես խորխաբեր միջոց կարելի է կիրառել նաև քաղցրարմատը, իսկ շնչուղիների վերին հատվածի վարակների ախտանշանները մեղմելու համար՝ հավի արգանակը: Շատ օգտակար է նաև շոկոլադը, որը պարունակում է թեոբրոմին: Այս տարրը ճնշում է թափառող նյարդային ակտիվությունը, որն էլ հենց առաջացնում է հազ, գրում է actualnews.org կայքը: