«Լուսավոր Հայաստանի» վախճանը, կամ կլասիկ ինքնասպանություն

«Կլասիկ» քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանի կողմից գլխավորվող քաղաքական ուժը հատկապես վերջին շրջանում բավական կասկածելի վարք է ցուցաբերում: Հայաստանը բացարձակապետության պիտակից գոնե ֆորմալ առումով փրկելուն միտված խորհրդարանական ընդդիմության այս փոքրիկ հատվածը, պարզվում է, վերջին շրջանում որոշել է իշխանահաճո խաղերի մեջ մտնել, դառնալ իմքայլականների կրտսերը, ճարպկորեն վայելել այդ կարգավիճակից բխող կյանքի բոլոր «հաճույքները»՝ ֆիզիոլոգիականից մինչև սոցիալ-հոգեբանական:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ իշխանությունների սանձազերծած քաղաքական հետապնդմանը փաստացի միանալուց մինչև աննշան թվացող դետալներ, ուժային կառույցները քաղաքականացնելուն ուղղված դիրքորոշում հայտնելուց մինչև 25 տարեկան ԱԱԾ պետեր՝ ահա այն ամենը, ինչով ժամանակին «ԵԼՔ»-ի երբեմնի բջիջ հանդիսացողների խորհրդարանական գործունեությունը վերջին շրջանոմ աչքի է ընկել:

Ինքն իրեն ընդդիմություն հայտարարած ու այդպիսին ընկալվել ջանացող «Լուսավոր Հայաստանն» ակնհայտորեն ելքերն ու մուտքերը շփոթել է՝ մոռացության մատնելով սեփական կոչումն Ազգային ժողովում, որի էությունը «Իմ քայլին» հակակշիռ ստեղծելն է ու այդպիսով Հայաստանում ժողովրդավարական քաղաքական համակարգի կայացմանը նպաստելը, որն առանց այն էլ վտանգված է:

ԼՀԿ-ն մի ժամանակ նույնիսկ կռիվ էր տալիս ընդդիմադիրի տիտղոսին միանձնյա տիրելու համար, հասարակությանը ներկայանալու որպես բացառիկ մի ուժ, որն իբր միակն է, որ ունակ է լինելու «Իմ քայլին» շոշափելի հակակշիռ դառնալ, իշխանություններին զսպել, հասարակության շահերի համար «հոգի տալ»: Այդ ժամանակ այս ուժի կողմից բերվում էին փաստարկներ, այլ երկրների օրինակներ, թե ինչ է լինում այն դեպքում, երբ իշխանությունն ընդդիմացող չի ունենում, բերվում էր, մասնավորապես, արևմտյան զարգացած ժողովրդավարական երկրների փորձն ու ապացուցվում, որ իրական ընդդիմության գոյությունը ոչ միայն նպաստում է երկրի քաղաքական համակարգի՝ ճիշտ հունով զարգանալուն, այլև աներկբայորեն դրական է անդրադառնում տնտեսական զարգացման վրա՝ թույլ չտալով իշխանություններին գայթակղվելու, միշտ զգոն լինելու և այլն:

Ի՞նչ եղավ Էդմոն Մարուքյանի հետ, որ նա ու իր քաղաքական ուժը հանկարծ մտափոխվեցին՝ որոշելով ոչ թե մնալ ընդդիմություն, այլ փաստացի վերածվել Նիկոլ Փաշինյանի կցորդի, նրա «հա»-ին «չէ» չասել, նպաստել պետության վախճանին տանող գործընթացներին: Սա իսկապես սկզբունքային հարցադրում է, որից և կախված են բազմաթիվ ենթահարցերի պատասխաններ՝ «ով ով է» սկզբնահարցից բխող:

«Երկրային դրախտը», սակայն, ի գիտություն ոմանց, հավերժական չէ, ու դրա ավարտը թե՛ ԼՀԿ-ի, թե՛ անձամբ Մարուքյանի համար կարող է իսկապես ողբերգական լինել, քանի որ անխուսափելի օեկացումը, ինչին ձգտում է «Լուսավոր Հայաստանն» ու դրա առաջնորդը, ոչ մեկին երբեք չի կարող լավ տեղ տանել: Էդմոն Մարուքյանը սեփական ձեռքերով փորում է ԼՀԿ-ի քաղաքական գերեզմանը, որի փոսում հայտնվելուց հետո հարությունը բացառվելու է:

Մասնավորապես՝ դա է վկայում նորանկախ Հայաստանի ներքաղաքական կյանքի փորձառությունը: Քանի՜-քանի՜ կուսակցություններ են եղել, որոնք հակաիշխանական լոզունգների շնորհիվ ժողովրդից ձայներ են փախցրել, բայց հետո հետ կանգնել սեփական դիրքորոշումից՝ այդպիսով կնքելով սեփական քաղաքական մահկանացուն: Ո՞ւր է հիմա, օրինակ, նույն ՕԵԿ-ը, որի թողած քաղաքական հետագիծը, թերևս, լավագույնս է բացահայտում այն ճակատագիրը, որը սպասում է բոլոր այն ուժերին, որոնք չեն խորշում փաստացի ճամբարափոխ լինել, 180 աստիճանով շրջվել: Այնպես որ, պատմությունն իսկապես կարող է կրկնվել, բայց այս անգամ գուցե ավելի զազրելի դրսևորումներով…

Վարդգես Սարգսյան.

Աղբյուր՝ tert.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика