Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ, ադրբեջանցի Միխայիլ Գուսմանը հաղթանակի 75-ամյակի առիթով ծավալուն հարցազրույց է վերցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից: Այդ հարցազրույցի ընթացքում Ալիևը նորից բացել է Գարեգին Նժդեհի թեման հայտարարելով, թե Հայաստանում խրախուսում են ֆաշիզմը, 6-մետրանոց արձան են կառուցում ֆաշիստի համար: Դրանից հետո հնչում է Գուսմանի շնորհակալությունը:
Հետ գնանք ու հասկանանք թե երբվանից է ծագել Գարեգին Նժդեհի արձանի հետ կապված խնդիրը։ 2016 թվականին, երբ Հայաստանում կանգնեցվելու էր Նժդեհի արձանը, իր դժկամությունն այդ հարցի շուրջ հայտնել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Նժդեհական գաղափարախոսությունը կրող ՀՀԿ-ն Մարիա Զախարովային ընդամենը մի «տեղեկանք» ցույց տալով բավարարվեց։ Դրան սակայն հետևել էր Զախարովայի արձագանքը, որ ինքը մնում է իր կարծիքին:
Թավշյա հեղափոխությունից հետո Նժդեհի թեման շոշափեց արդեն Ալիևը ԱՊՀ պետությունների ղեկավարների աշխաբադյան հավաքում: Թեպետ նա ստացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը, այն չլրացրեց այն բացը, որ կա ընդհանրապես մոսկովյան սադրանքին Հայաստանի պատասխանի հարցում: Այսօր էլ ահա հարցը նորից արծարծվում է ՌԴ պետական քարոզչական հարթակում:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի դիտարկմամբ պարզ է որ անկախ այն բանից, թե ինչ արդյունքներ է գրանցել հեղափոխությունը, և թե ինչքան է ժողովրդի դժգոհության չափը Հայաստանն ահռելի քարոզչական ճնշման տակ է: «Եվ դրա համար խաղարկում են ամեն ինչ գող, կոռուպցիոներ, վիրուսակիր պաշտոնյայից սկսած ՝ամեն ինչ, ինչ հնարավոր է, ինչ որ անհրաժեշտ է քարոզչական տեղեկատվական գրոհի համար։ Ահա հենց այս իրավիճակում էլ հայտնվում է Գուսմանը, ու նրա միջոցով խեղաթյուրում են ամբողջ իրականությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Շիրինյանը միևնույն ժամանակ ընդգծեց Գուսմանին պետք է ասել, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի ազատագրության համար հայ ժողովուրդը 300 հազարից ավելի զոհ է տվել. Ոչ իր պապան է դրա մասնակիցը եղել, ոչ էլ Բաքուն է տվել այդքան մարդ։ Իսկ մեզ այս իրավիճակում պետք է Հայաստանի պետականության ու ժողովրդավարության անկախացում։ Այս հարցում ունենք Արևմուտքի բարոյական աջակցությունը, իսկ մյուս կողմից էլ՝ սրան հակակշռող ահա այսպիսի իրենց ռազմավարական դաշնակից։
Այս արշավի ամենալավ պատասխանը, ըստ Շիրինյանի, կլինի պետության կայացումը. «Դա նաև համահավաք հայության պատասխանը կլինի ռուսական համապատասխան կենտրոններին ու քարոզչական գործողություններին։ Փոխանակ ասեն, թե ինչու են կողոպտել, ավերել երկաթուղին՝ ընկել են չգիտես ինչի հետևից։ Իսկ Նժդեհը մեր ազգային հերոսն է, կռվել է կարմիր օկուպացիոն բանակի դեմ, ու դրա համար էլ չեն ուզում նրան հանդուրժել։ Մի բան հստակ է ոչ ոք իրավունք չունի սրբապիղծ բաներ խոսելու նրա մասին։ Գուսմանին երևի խավիարը շատ է անհանգստացրել։ Իմիջիայլոց Նժդեհը լավ բաներ է գրել, Գուսմանը թող կարդա՝ զարգանա»։
ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ մենք պետք է պատասխանելու ինստիտուտ ունենանք: «Քարոզչական ինչ-որ մի կազմակերպություն, որը պատասխանելու է հակառակորդին, այսինքն հայհոյելու է հակառակորդներին։ Մամուլի մի բաժին պետք է լինի, ինչպիսին ռուսական ՏԱՍՍ գործակալությունն է, որը զբաղվելու է հայհոյանքներով, բայց Հայաստանից դուրս։ Իսկ Հայաստանում դրան չպետք է անդրադառնանք, պետք է ուշադրություն չդարձնենք։
Հակառակորդ պետությունները, դաշնակից պետությունները Հայաստան պետության քաղաքական գործիչների մասին կարծիք են հայտնում։ Իմ կարծիքով՝ մեզ համար շատ կարևոր է, այն իմաստով, որ հակառակորդները, որոնք դաշնակից են, մեր թշնամի երկրի ղեկավարի հետ հարցազրույց են անցկացնում։ Կարևոր չէ՝ Գարեգին Նժդեհն է, Նիկոլ Փաշինյանն է, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրանք խոսում են իրենց թշնամի պետության մասին։ Այսինքն՝ մեր թշնամու բարեկամը զրուցում է իր բարեկամի հետ, ինչպիսի՞ն պետք է լինի մեր կարծիքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Արշակյանի՝ պետք է արհամարհենք, պատրաստենք մեր պետության ԶՈՒ-երը, մեր տնտեսությունը, սոցիալական վիճակն ուժեղացնենք. «Ու պատրաստ լինենք պայքարին, մեր խնդիրը դա է։ Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանն ունի Մարգարիտա Սիմոնյանի կազմակերպությունը, մենք էլ նման մի բան պետք է ստեղծենք ու հայհոյենք, բայց ոչ հայերեն, Հայաստանից դուրս։ Իսկ մենք անցնենք մեր գործին, առաջ գնանք, լավ ապրենք, առողջ լինենք։ Պետք չէ սրտին մոտ ընդունել նրանց խոսքերը»։