Օրգանիզմի ծերացման բնական գործընթացը, ինչպես նաև արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները, վատ սովորություններն ու քաշի տատանումները խիստ բացասաբար են անդրադառնում մարդու մաշկը վրա՝ արագացնելով ծերացման գործընթացը: Արդյունքում մաշկը կորցնում է թարմությունն ու թուլանում, ինչը կարող է բավական տհաճ խնդիր դառնալ: Սակայն կան շատ արդյունավետ բնական դիմակներ, որոնք պարբերաբար օգտագործելու դեպքում կարելի է հեշտությամբ երիտասարդացնել ու ձգել մաշկը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Ձգող դիմակ․ Այս դիմակը շատ արդյունավետ է ոչ յուղոտ մաշկ ունեցողների համար, քանի որ դրա բաղադրության մեջ պարունակվում է նաև բուսայուղ: Այն պատրաստելու համար հարկավոր է հավկիթի սպիտակուցին ավելացնել վարունգի պտղամիս, լավ խառնել, այնուհետև ավելացնել նաև բուսայուղն (հատկապես օգտակար է ձիթայուղը) ու քսել խառնուրդը մաշկին: Այս դիմակը հարկավոր է օգտագործել շաբաթական երկու անգամ առնվազն երեք ամիս:
Սամիթով դիմակ․ Այս դիմակը մաշկին տոնուս ու պրկություն է հաղորդում, ինչի շնորհիվ այն ավելի թարմ տեսք է ստանում: Դիմակը պատրաստելու համար հարկավոր է թարմ ու հնարավորինս հյութեղ սամիթը մանրացնել, այնուհետև մեկ գդալ մանրացրած սամիթին ավելացնել մեկ գդալ վարսակի ալյուր, լավ խառնել ու քսել մածուկը մաշկին՝ թողնելով 20 րոպե: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել 10 օրը մեկ:
Սպիտակ կավով դիմակ․ Սա մաշկը ձգող լավագույն դիմակներից մեկն է: Այն պատրաստելու համար հարկավոր է ցորենի ծիլերի մեկ գդալին, ավելացնել մեկ գդալ խաղողի հյութ և երկու գդալ սպիտակ կավ (կոսմետիկ), այնուհետև լավ խառնել ու բարակ շերտով քսել մաշկին: Թողնել դիմակը 20 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով ու չորացնել մաշկը նուրբ սրբիչով:
Մեղրով դիմակ․ Մեղրը հիանալի մթերք է մաշկը սնուցելու և ձգելու համար, սակայն այն հակացուցված է մեղրից ալերգիա ունեցողներին: Այս դիմակի պատրաստման համար հարկավոր է մեկ ճաշի գդալ վարսակի ալյուր, փրփրեցրած սպիտակուց, մեկ գդալ գոլ մեղր: Անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները լավ խառնել, քսել դիմակը դեմքին, թողնել 15 րոպե, այնուհետև լվացվել մեծ քանակությամբ ջրով:
Նյութի աղբյուր