Մասնագետները ներկայացրել են ամենատարածված միֆերը կորոնավիրուսային վարակի մասին հորդորելով չհավատալ դրանց ու խուճապի չմատնվել

Կորոնավիրուսային վարակը կարճ ժամանակում տարածվեց աշխարհի տասնյակ երկրներում և արդեն ավելի քան 4000 մարդու մահվան պատճառ է դարձել, ուստի զարմանալի չէ, որ վերջին շրջանում այն հանգեցրել է համաշխարհային խուճապի: Այս շտամը նոր է ի հայտ եկել և դրա դեմ պայքարի միջոցները դեռ հայտնի չեն:

Խուճապի հետևանքով մարդիկ փորձում են գնել առաջին անհրաժեշտության իրերն ու սնունդը համաճարակի հայտարարման դեպքում հնարավորինս վարակումից խուսափելու և պաշտպանված լինելու համար: Նման պայմաններում զարմանալի չէ, որ կարճ ժամանակում տարածվել են կորոնավիրուսի մասին տարատեսակ «միֆեր» որոնց մարդիկ հավատում են: Մասնագետները ներկայացրել են այդ «միֆերից» ամենատարածվածները՝ հորդորելով չհավատալ դրանց ու խուճապի չմատնվել:

Կորոնավիրուսն ամենամահաբեր վիրուսն է։ Գոյություն ունեն վիրուսներ, որոնց հետևանքով մահացության ցուցանիշը շատ ավելի բարձր է: Օրինակ՝ շատ ավելի վտանագավոր է Էբոլան: Ավելին՝ այս վիրուսից ավելի վտանգավոր կարող է լինել անգամ սեզոնային գրիպը, որն ախտահարում է միլիոնավոր մարդկանց:

Կորոնավիրուսի համաճարակն սկսվել է չղջիկներից պատրաստված ապուրի գործածության հետևանքով։ Գիտնականների խոսքով՝ չկա որևէ ապացույց, որը կհաստատի այս «միֆը»: Կորոնավիրուսն իսկապես կարող է հանդիպել չղջիկների մոտ, սակայն գիտնականներն այնուամենայնիվ ենթադրում են, որ վիրուստի տարածման պատճառ է հանդիսացել ծովամթերքի շուկան:

Բժշկական դիմակներ կրելը պաշտպանում է վարակումից։ Մասնագիտացված որոշակի ռեսպիրատորներն և բավական լավ պաշտպանող դիմակներն իսկապես կարող են որոշ չափով նվազեցնել հիվանդների հետ անմիջական շփման մեջ գտնվող բուժաշխատողների վարակման հավանականությունը, սակայն միանգամյա օգտագործման բժշկական բարակ դիմակները որևէ օգուտ չեն տա:

Հիվանդության դեմ դեղամիջոցն արդեն ստեղծվել է։ Կորանավիրուսային վարակի դեմ դեղամիջոց դեռ չի ստեղծվել, ուստի հիվանդների բուժման համար կիրառվում է միայն սիմպտոմատիկ բուժում, որն օգնում է մեղմել հիվանդության դրսևորումները: Վարակման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է հնարավորինս երկար մնալ տանը, հանգստանալ ու շատ ջուր խմել:

Չինաստանից բերված ծանրոցները կարող են վարակման պատճառ դառնալ։ Գիտնականները դեռ ուսումնասիրում են հիվանդության փոխանցման հավանական ճանապարհները, և վերջերս պարզ է դարձել, որ վտանգավոր կարող է լինել նաև օրալ-ֆեկալ ճանապարհը: Միևնույն ժամանակ հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսների մեծ մասը չեն գոյատևում այս կամ այն իրերի մակերևույթին, ուստի Չինաստանից ստացած ծանրոցից կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը չափազանց ցածր է:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am Medicine-ը Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ համաճարակը բռնկվել է Չինաստանի Հուբեյ նահանգի 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3136-ի: Կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի հետևանքով աշխարհում զոհերի թիվն արդեն հատել է 4000-ի շեմը: Չինաստանի սահմաններից դուրս վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ՝ վարակման դեպքեր են հաստատվել ավելի քան 80 երկրում:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика