Դերասանուհի Մերի Մակարյանն օգոստոսին մայրիկ դարձավ: Հղիության ամբողջ ընթացքում և մայրանալուց հետո Մերին նախընտրում էր չխոսել նոր կարգավիճակի մասին: Երեկ նրա առաջնեկը՝ Էլիզան, դուրս է եկել քառասունքից, ծնողներն օրհնություն են ստացել եկեղեցում, և Մերին իր առաջին հարցազրույցը նոր կարգավիճակի մասին վստահել է Tert.am Life-ին: Դերասանուհին նաև տրամադրել է դստեր առաջին ֆոտոշարքը, որն իրականացրել է, երբ փոքրիկը 10 օրական էր:
«Հղիությանս մասին իմացա «Տաշի շոուից» 1 օր առաջ, հաջորդ օրը պետք է մեկնեի Մոսկվա: Որքան էլ երեխայի ծնունդը սպասված էր մեր ընտանիքում, այդ ժամանակ լուրն անսպասելի էր: Շատ զարմացած էի, խառը շրջան էր։ Այդպես մեկնեցի Մոսկվա: Վերադարձիցս հետո սկսեցի ավելի հանգիստ հասկանալ, որ նոր փուլ է սկսվում, ադապտանալ նոր կարգավիճակիս, սիրել ինքս ինձ ու ներսումս ապրող հրաշքին»,- պատմեց դերասանուհին:
Մերին նկատեց, որ ապագա մայրիկները հղիության ընթացքում լիարժեք չեն գիտակցում՝ ինչ է կատարվում: Իր մայր լինելը դեասանուհին հասկացել է դստեր հետ առաջին հանդիպման ժամանակ, որը շատ հուզիչ է անցել:
«Շատերն ինձ ասում էին, որ դեռ հղիության ընթացքում արդեն մամա եմ, սակայն ես դա լիարժեք զգացի, երբ աղջկաս ծնվելուց հետո իրեն դրեցին գիրկս ու մաշկով զգացի երեխայիս: Ինքը շատ տաք էր, անօգնական, ու ես հասկացա, որ այդ վայրկյանից սկսած պիտի իրեն պաշտպանեմ ու օգնեմ»,- ասաց նա:
Դստեր ծննդից հետո Մերիի համար կյանքի նոր փուլ է սկսվել: Ասում է՝ անընդհատ նոր բացահայտումներ է անում: Փոքրիկի ծննդից հետո Մերին և ամուսինը խիստ քառասունք են պահել․ «Քառասունք պահելը խորհուրդ ունի, որպեսզի ծնողներն ու երեխան հասկանան ու ճանաչեն իրար: Այս ընթացքում նա միայն մեզ հետ է շփվել: Երևի թե, այս ընթացքում սկսեցի լիարժեք զգալ մայր լինելու բերկրանքը: 40-րդ օրը գնացինք եկեղեցի, օրհնություն ստացանք»:
Փոքրիկի անունը՝ Էլիզա ամուսիններն ընտրել էին շատ վաղուց: «Երբ դեռ խոսք էլ չկար երեխա ունենալու մասին, Վարդանն ասում էր, որ աղջիկ ունենալու դեպքում ուզում է իր տատիկի անունը տալ նրան: Քանի որ ես էլ շատ եմ սիրում Էլիզա անունը, սիրով համաձայնեցի,- ասաց դերասանուհին ու ավելեց, որ շատ էր ուզում աղջիկ ունենալ,- Հղիության սկզբնական փոլում զգացողություն ունեի, թե տղա է: Շատ ուրախացա, երբ իմացա, որ աղջիկ եմ ունենալու»:
Մինչև դստեր ծնունդը Մերին պատկերացրել է, թե ինչպիսին է լինելու նա, սակայն փոքրիկը բոլորովին այլ տեսք է ունեցել:
«Շատերն են ասում, որ աղջիկները պապային են նման լինում: Ես ինձ տրամադրել էի, որ նա պապային է նման լինելու, իրեն այդպես էի պատկերացնում ու շատ ուրախ էի: Վարդանը բաց մազեր ունի, փոքր ժամանակ շատ ավելի բաց է եղել, սակայն աղջիկս ծնվեց սև ու խիտ մազերով: Առաջինը Վարդանը նկատեց դա, հետո այստեղ բուժքույրերն էին զարմացած: Հիմա մազերի գույնը քիչ-քիչ բացվում է: Ի սկզբանե աղջկաս ամուսնուս կողմին եմ նմանեցրել, բայց ամեն օր փոխվում է: Արդեն դժվարանում եմ ասել՝ ում է նման, բայց դե մեզ է նման լինելու»,- ժպիտով ասաց նորաթուխ մայրիկը:
Փոքրիկի խնամքով ամուսիններն ինքնուրույն են զբաղվում: Մերին նկատեց, որ կարողանում են գլուխ հանել ամեն ինչից և հույս հայտնեց, որ Էլիզան գոհ է մնում․ «Շատ լավ գլուխ ենք հանում: Ոչնչից չենք վախեցել: Կարծում եմ՝ Էլիզան գոհ է»:
Ըստ դերասանուհու՝ իր և Վարդանի հարաբերությունները երեխայի ծննդից հետո չեն փոխվել․ «Մենք հիմա կենտրոնացել ենք մեր փոքրիկի վրա: Փորձում ենք մեր ամբողջ սերն ու քնքշանքն իրեն տալ: Սակայն ես անընդհատ իրեն հիշեցնում եմ, որ ես էլ եմ քառասունքի մեջ, ինձ էլ է ուշադրություն պետք:)»։
Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան: Աղբյուր