Միջին խավը հարվածի տակ է հերթական փորձանքը Արսեն Թորոսյանից

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիմա էլ որոշել է լծվել Հայաստանի ազգաբնակչության աշխատող հատվածի կյանքը ավելի բարդացնելու գործին՝ նոր հարկատեսակի սահմանման միջոցով: Առաջադեմ նախարարը ցանկանում է 2022-ից ներդնել առողջապահության համապարփակ ապահովագրության հայեցակարգ: Ըստ նախարարության ներկայացրած հայեցակարգի՝ նախատեսվում է Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6%-ի չափով. յուրաքանչյուր գրանցված աշխատող հանդիսացող քաղաքացի ամսական իր աշխատավարձից ստիպված է լինելու վճարել 6% առողջապահության հարկ:

Հետաքրքական է, որ Թորոսյանը, փորձելով հիմնավորել սեփական «նոու-հաուն», հիմնականում հղում է կատարում, մասնավորապես, հասարակական համերաշխության սկզբունքին, և համոզիչ թվալու համար նույնիսկ փորձում է թվարկել, թե ովքեր են մտնում չաշխատող զանգվածի մեջ. այդպիսիք, պարզվում է, աշխատողների ծնողներն են, անչափահաս քույրերն ու եղբայրները և այլն:

Թե որը կարող է լինել Թորոսյանի՝ այս խնդրում ցուցաբերած անբնական շահագրգռվածության բուն պատճառը, թերևս, վերլուծելու մի առանձին թեմա է, սակայն այս պարագայում ամենաէականը խնդրին օբյեկտիվ հայացք նետելու ճանապարհով պարզելն է, թե ի վերջո այս ամենի արդյունքում ինչ խնդիրների կարող է բախվել հասարակությունը:

Նախ՝ միանգամից պետք է ֆիքսել, որ աշխատող մարդու ուսերին, ով մի կերպ է ծայրը ծայրին հասցնում, 6%-ի չափով հավելյալ հարկային բեռ դնելը խնդրահարույց է դառնում բոլոր դեպքերում: Բացի դա, առաջ է գալիս նաև արդարության հարց. վերջիվերջո որքանո՞վ է արդար, երբ պետությունը պարտադրում է աշխատող մարդուն վճարել չաշխատողի կամ ասենք փաստացի աշխատանք ունեցող, բայց ստվերում գործունեություն ծավալող քաղաքացիների փոխարեն: Թորոսյանը հաշվարկե՞լ է, թե ստվերի նման ահռելի ծավալների պարագայում ինչպիսի խնդիրներ են առաջ գալու, եթե իսկապես նախաձեռնությունն այս տեսքով կյանքի կոչվի: Կամ եթե պետությունը գնում է պարտադրանքի ճանապարհով, ապա առնվազը պարտավոր է լինելու ասենք ԽՍՀՄ օրինակով քրեականացնել պարապուրդի մատնված լինելը, չաշխատելը, ձրիակերությունը: Գուցե այդ դեպքում աշխատողների վրա դրված բեռը թեթևանա, իսկ պարապ-սարապների թիվն էլ հասնի իր պատմական մինիմումին: Չնայած այդ դեպքում էլ անմիջապես առաջ է գալու բավարար թվով աշխատատեղերի չգոյության խնդիրը, ու Փաշինյանն այլևս չի կարողանալու հասարակությանը համոզել, թե իբր աշխատանք կա, բայց աշխատող չկա:

Երբ այս անենին գումարվում են անխուսափելի կոռուպցիոն ռիսկերը, առողջապահության համակարգում վաղուց հրամայական դարձած, բայց այդպես էլ կյանքի չկոչվող բարեփոխումների հարցը և այլ նմանօրինակ խնդիրներ, պատկերն ամբողջական է դառնում ու է՛լ ավելի անհրապույր: Փոխարենն անելու ամեն ինչ՝ վերջապես երկրում կայացնելու, ոտքի հանելու միջին խավը, արսենթորոսյաններն իրենց «գյուտերով» է՛լ ավելի են բարդացնում առանց այն էլ աննախանձելի վիճակում գտնվող շերտի վիճակը, որը միայն բարակում է:

Իսկ հաշվարկը, թերևս, պարզ է և հարցերի պատասխանը կրկին գտնվում է պոպուլիզմի տիրույթում. շատ հավանական է, որ իշխանություններն այս ճանապարհով փորձում են շահել հասարակության զգալի հատվածի համակրանքն ու իբր ցույց տալ, որ հոգ են տանում խոցելի շերտերի մասին: Վերջիվերջո նրանք էլ են հասկանում, որ նման տնտեսական քաղաքականության շարունակականության դեպքում աշխատողների թիվը գնալով ոչ թե ավելանալու է, այլ նվազելու, ինչը ստիպում է քաղաքական հաշվարկներն իրականացնելիս ավելի «կրեատիվ» գտնվել ու թիրախավորել հնարավորինս լայն մասսաներին՝ հատկապես հաշվի առնելով 2022-ի նուրբ սպեցիֆիկան. ընտրությունները 2023-ին են:

Արմեն Կարեյան, աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика