Ներկայացնում ենք արգելված արտահայտությունները, որոնցից ծնողները պետք է խուսափեն երեխաների հետ խոսելիս:

Երեխայի դաստիարակությունը բավական բարդ ու պատասխանատու գործ է, սակայն երբեմն պահի ազդեցության տակ ծնողներն ասում են արտահայտություններ, որոնք կարող են ճակատագրական լինել փոքրիկի համար և լուրջ հոգեբանական տրավմայի պատճառ դառնալ: Այս կերպ ծնողներն իրենց բացասական հույզերը փոխանցում են երեխաներին, մինչդեռ դրանից կարելի է խուսափել պարզապես որոշ արտահայտություններից զերծ մնալու դեպքում: Մասնագետները ներկայացրել են այն արգելված արտահայտությունները, որոնցից ծնողները պետք է խուսափեն երեխաների հետ խոսելիս:

Քույրդ/եղբայրդ, ի տարբերություն քեզ, լավ վարքագիծ է ցուցաբերում: Երեխաներին համեմատելն ու մեկ այլ երեխային գովելը թշնամանք, նախանձ ու անառողջ մրցակցություն է սերմանում: Անգամ եթե երեխաներից մեկն իսկապես ավելի լավ վարքագիծ կամ առաջադիմություն է ցուցաբերում, այնուամենայնիվ ոչ մի դեպքում չի կարելի նրանց համեմատել և բարձրաձայնել մտքերը, քանի որ այս դեպքում «կատարյալ» վարքագծով երեխայի մոտ կձևավորվի անառողջ ինքնագնահատական, իսկ «անկարգ» երեխան դիտավորյալ վատ վարքագիծ կցուցաբերի: Եթե ծնողը ցանկանում է համեմատություն անել, ապա նա պետք է անդրադառնա տվյալ երեխայի պահվածքի տարբեր դրսևորումներին՝ համեմատելով տվյալ պահի վարքագիծը մեկ այլ օրվա վարքագծի հետ:

Շուտով դու ինձ խելագարության կհասցնես: «Շուտով դու ինձ խելագարության կհասցնես», «ես քեզնից հոգնեցի», «բավական է ինձ տանջես» և նմանատիպ այլ արտահայտությունները նույնպես հարկավոր է բացառել երեխայի հետ խոսելիս: Բանն այն է, որ փոքրիկը միշտ փորձում է իր պահվածքով ծնողների հիացմունքին արժանանալ, սակայն դրա դիմաց նման պատասխան ստանալը նրան կշփոթեցնի, քանի որ երեխան չի հասկանա՝ որն է իր սխալը: Սա է պատճառը, որ երեխայի հետ խոսելիս ծնողը պետք է շեշտը դնի ոչ թե իր վրա, այլ երեխայի որոշակի գործողությունների: Նման արտահայտությունների փոխարեն կարելի է ասել. «Ես սկսում եմ բարկանալ, երբ խաղալիքները թափթփված են լինում»։

Դու երբեք «մարդ չես դառնա»: Երեխային հրաշամանուկ դարձնել ցանկացող ծնողները պետք է միշտ հիշեն, որ երեք տարեկանում կարդալ սովորած երեխաները միջնակարգ դպրոցում ավելի լավ չեն կարդում, քան յոթ տարեկանում տառերը սովորած երեխաները: Շատ հաճախ նման արտահայտություններով ծնողները փորձում են քողարկել սեփական վախերը, քանի որ վախենում են, որ երբեք լավ ծնող չեն դառնա: Իրականում սա ամենասարսափելի արտահայտություններից մեկն է, որը ծնողները հաճախ են ասում իրենց երեխաներին: Անգամ մեկ անգամ այն արտաբերելը կարող է մեկընդմիշտ զրկել երեխային ինքնավստահությունից ու բարձր ինքնագնահատականից:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика