Ներկայացրել են հինգ գործոն որոնք բարձրացնում են լեյկոզի զարգացման հավանականությունը

Լեյլոզը քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում: Այս վտանգավոր հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է առաջին հերթին խուսափել դրա զարգացմանը նպաստող գործոններից, ուստի Մայո կլինիկայի բժիշկները նշել են դրանցից ամենավտանգավորները:

Ինչպես նշում են գիտնականները, լեյկոզն արյունաստեղծ համակարգի և արյան չարորակ հիվանդություն է, որն իրականում ներառում է մի խումբ հիվանդություններ, որոնք տարբերվում են իրենց էթիոլոգիայով: Այս խանգարման զարգացման հստակ պատճառները մինչ օրս հայտնի չեն, սակայն գիտնականներն, այնուամենայնիվ, պարզել են, թե որ գործոնները կարող են բարձրացնել քաղցկեղի այս տեսակի զարգացման հավանականությունը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս հիվանդության ախտորոշման հավանականությունն ավելի բարձր է լինում այն մարդկանց մոտ, որոնք քաղցկեղի այլ տեսակների բուժման համար ստիպված են եղել քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի կուրս անցնել: Բացի այդ, մասնագետները ենթադրում են, որ լեյկոզի զարգացման պատճառ կարող են դառնալ նաև գենետիկ խանգարումները, այդ թվում՝ Դաունի համախտանիշը:

Վտանգավոր կարող են լինել նաև որոշակի քիմիական նյութերը, այդ թվում նաև բենզինը, ինչը ոչ բոլորին է հայտնի: Բացի այդ, բժիշկները նախազգուշացնում են ծխախոտի վնասակար ազդեցության մասին: Առհասարակ այս վատ սովորությունը բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա և բարձրացնում է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ միելոիդային լեյկոզի զարգացման հավանականությունը:

Մյուս վտանգավոր գործոնն ընտանեկան անամնեզն է, ինչը նշանակում է, որ մոտ ազգականների շրջանում արյան քաղցկեղի դեպքերի առկայության դեպքում մարդը հայտնվում է ռիսկային խմբում: Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս ավելի զգոն լինել և պարբերաբար բուժզննում անցնել իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար:

Բժիշկները նաև ընդգծում են, որ վերոնշյալ գործոնները ոչ միշտ են հանգեցնում լեյկոզի զարգացման, ինչպես նաև դրանց բացակայությունը չի ապահովում լիարժեք պաշտպանություն հիվանդությունից: Սա է պատճառը, որ հարկավոր է առողջական վիճակը միշտ վերահսկողության տակ պահել և պարբերաբար բուժզննում անցնել հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելու համար: Հարկ է հիշել, որ քաղցկեղն այն հիվանդություններից է, որի վաղ հայտնաբերումից է կախված բուժման արդյունավետությունը: Այս հիվանդության զարգացումը կանխելն ու այն վաղ փուլերում բուժելը շատ ավելի հեշտ է, քան հետագայում դրա առաջացրած կողմնակի բարդությունների դեմ պայքարելը, ուստի հարկավոր է զգոն լինել և առաջին իսկ ախտանշանի կամ անգամ կասկածի դեպքում դիմել մասնագետին:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика