Ազգային ժողովում վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի և ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի միջև: Վիճաբանությունը տեղի ունեցավ Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման,
այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ: Հիշեցնենք՝ ԱԺ-ն չընդունեց նախագիծը, ինչին կոշտ էր արձագանքել ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մարուքյանին արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը:
«Պարո´ն Մարուքյան, ես կոչ եմ անում Ձեզ կոռեկտ արտահայտվել, եթե Դուք կարոտում եք նախորդ խորհրդարանը, կարող եք գնալ նախկին խորհրդարանի Ձեր գործընկերների հետ սուրճ խմեք: Հաշտվեք այն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք»,- ասաց պատգամավորը: Էդմոն Մարուքյանը տեղից արձագանքում էր Ռուբեն Ռուբինյանին, վերջինս հորդորեց չընդհատել իրեն: «Պարո´ն Մարուքյան, պարոն Ռուբինյանը ուշադիր լսում էր Ձեզ»,- արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Ռուբինյանը շարունակեց. «Ուզում եք լինի քննիչ հանձնաժողով, գնացեք, խոսեք Դավիթ Խաժակյանի հետ, թող բացի քննիչ հանձնաժողովը»,- ասաց Ռուբինյանը: Էդմոն Մարուքյանն արդեն տեղից վեր էր կացել, մոտեցել Ռուբինյանին և դեռ արձագանքում էր վերջինիս՝ «նախկին պատգամավորների հետ սուրճ խմելու հայտարարությանը»: Իր հերթին Ռուբինյանն էր խոսում, պատգամավորները վիճաբանում էին: «Պարո´ն Ռուբինյան, լռություն, պարո´ն Մարուքյան, Ձեր արածը կոռեկտ չէ»,- նշեց ԱԺ նախագահը: