Նախորդ տարի ՀՀ կառավարությունը որոշել էր, որ 2020 թվականից հոգալու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ապրող միայնակ տարեցների կոմունալ ծախսերը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ արդեն 5-րդ ամիսն է՝ նախարարության ենթակայությամբ սոցիալական բնակարաններում ապրող տարեցներն ազատված են կոմունալ վճարումների հոգսից:
Սակայն նշենք, որ նրանց թիվն այնքան էլ մեծ չէ. այս պահի դրությամբ ծրագրից օգտվում են ընդամենը 59 տարեց: Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ապրում է շուրջ 200 մարդ, որոնցից միայն 59-ն է միայնակ կենսաթոշակառու:
Նրանց մի մասը բնակվում են Երեւանում եւ Մարալիկում գտնվող սոցիալական տներում, իսկ 31-ը հատուկ խմբերում են ընդգրկված եւ որոշակի կատեգորիաների անձանց համար նախատեսված բնակարաններում են: «Նախագիծն ընդունվել է 2019 թվականի սեպտեմբերին, այն մշակվել է 59 բնակչի հաշվարկով եւ փոխհատուցման ընդհանուր ֆոնդը կազմում է 8 միլիոն 496 հազար դրամ»,- ասաց նա:
Լուսանկարը՝ Հետքի, աղբյուր