Աղիների քաղցկեղը շատ վտանգավոր հիվանդություն է, որը հաճախ հայտնաբերվում է զարգացման ուշ փուլերում, երբ բարեհաջող բուժման հավանականությունը բավական ցածր է լինում: Ինչպես գրում է the Sun պարբերականը, սա պայմանավորված է նրանով, որ այս հիվանդության դրսևորումները հաճախ նման են լինում ոչ շատ վտանգավոր հիվանդությունների ախտանշաններին, ինչի հետևանքով էլ մարդիկ հազվադեպ են ժամանակին ուշադրություն դարձնում դրանց: Այնուամենայնիվ, կան ախտանշաններ, որոնք կհուշեն խնդրի մասին դեռ զարգացման վաղ փուլերում, ուստի հարկավոր է շատ զգոն լինել:
Որպես կանոն, այս հիվանդությունն առավել հաճախ ախտորոշվում է 50-ից բարձր անձանց մոտ, սակայն վերջին տարիներին նկատվում է հիվանդության «երիտասարդացման» միտում: Այն կարող է ախտահարել յուրաքանչյուրին, սակայն դրա ախտանշաններն իմանալը կօգնի ժամանակին միջոցներ ձեռնարկել և ազատվել չարորակ ուռուցքից: Մասնագետների խոսքով՝ աղիների քաղցկեղը միշտ դրսևորվում է որոշակի ախտանշաններով, սակայն դրանցից առավել տարածված են լինում ստորև ներկայացվածները.
- ռեկտալ արյունահոսություն կամ մեզի մեջ արյան հետքերի առկայություն,
- աղիների աշխատանքի փոփոխություն,
- որովայնում օտար մարմնի առկայության զգացողություն կամ ցավ,
- անբացատրելի գերհոգնածություն,
- քաշի կորուստ:
«Աղիներում առաջացած ուռուցքները սովորաբար արյունահոսում են, ինչը կարող է դառնալ էրիթրոցիտների դեֆիցիտի և անեմիայի պատճառ: Սրանով է պայմանավորված այն փաստը, որ հիվանդի մոտ կարող է նկատվել հևոց, էներիգիայի նվազում ու ուժերի պակաս», — նշում են մասնագետները՝ հավելելով, որ հարկավոր է ուշադրություն դարձնել նաև հիվանդության մյուս ախտանշաններին, որոնց շարքին են դասվում.
- սպազմանման ցավերը որովայնի հատվածում,
- փորափքանքի զգացողությունը,
- գազերի կուտակում և փորլուծությունին հաջորդող փորկապությունը,
- որովայնում լարվածության զգացողությունն անգամ աղիները դատարկելուց հետո:
Բժիշկների խոսքով՝ մարսողական համակարգի աշխատանքի ցանկացած փոփոխության դեպքում հարկավոր է անպայման բուժզննում անցնել: Հատկապես վտանգավոր կարող է լինել վերոնշյալ ախտանշաններն անուշադրության մատնելը, ուստի հարկավոր է շատ զգոն լինել ու հետևել օրգանիզմի ազդանշաններին:
Հարկ է հիշել, որ քաղցկեղը դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց կանխարգելումն ու բուժումը զարգացման վաղ փուլերում շատ ավելի հեշտ է, քան հետագայում ոչ միայն ուռուցքի, այլև դրա առաջացրած բարդությունների դեմ պայքարելը: Սա այն խնդիրն է, որի բարեհաջող բուժումը կախված է դրա վաղ ախտորոշումից, ուստի այս ախտանշաններն իմանալն ու դրանց առկայության դեպքում անմիջապես միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար: