Աչքի քաղցկեղն այս հիվանդության ամենահազվադեպ հանդիպող տեսակներից մեկն է, սակայն այն շատ վտանգավոր է, ուստի գերմանացի բժիշկները ներկայացրել են այն փոփոխությունները, որոնք թույլ կտան ժամնակին հայտնաբերել աչքի այս չարորակ հիվանդությունը, գրում է Focus պարբերականը: Մասնագետների խոսքով՝ գոյություն ունի աչքի քաղցկեղի երկու տեսակ՝ ռետինոբլաստոմա և քորոիդալ մելանոմա:
Ռետինոբլատոման հաճախ ախտորոշվում է երեխաների մոտ, ուստի սովորաբար ծնողներն այն առաջինն են հայտնաբերում: Այս հիվանդությունը կարելի է ախտորոշել լուսարձակումով լուսանկարահանելու միջոցով, քանի որ աչքի քաղցկեղի դեպքում մարդու աչքերից մեկը լուսանկարում կարմիր կլինի, մինչդեռ մյուսը՝ սպիտակ, նարնջագույն կամ որևէ այլ գույնի: Բացի այդ, աչքի քաղցկեղի մասին կարող է հուշել նաև շլությունը:
Ինչ վերաբերում է քորոիդալ մելանոմային, ապա այն գրեթե կապ չունի մաշկի քաղցկեղի հետ: Բժիշկ Անտոնիա Յուսսենի խոսքով՝ մաշկի քաղցկեղը կարելի է հեշտությամբ բուժել իմունաթերապիայի միջոցով, մինչդեռ քորոիդալ մելանոման գրեթե չի ենթարկվում թերապևտիկ բուժման, քանի որ դրսևորվում է էմբրիոնալ կամ արխայիկ ուռուցքի նման, որը կարող է ներթափանցել օրգանիզմի ցանկացած բջջի մեջ և շատ արագ մետաստազավորվում է: Սա է պատճառը, որ քորոիդալ մելանոման հարկավոր է հայտնաբերել հնարավորինս շուտ ու միջոցներ ձեռնարկել, ընդգծում է մասնագետը:
Առավել հաճախ նման ուռուցքն ի հայտ է գալիս 20-30 տարեկանում, իսկ դրա ախտանշանները կախված են լինում ախտահարման հատվածից: Սակայն այնուամենայնիվ այս հիվանդությունը միշտ կապված է լինում տեսողության վատթարացման հետ, ուստի նման խնդիրը չի կարելի անուշադրության մատնել: «Միջին տարիքի մարդը կարող է կարծել, թե ունի կարդալու համար հատուկ ակնոցի կարիք: Սա է պատճառը, որ տեսողության հետ կապված անգամ անվնաս թվացող խնդրի դեպքում հարկավոր է խորհրդակցել ակնաբույժի հետ», — նշում է փորձագետը: