Որ դեպքերում է հարկավոր առատ քրտնարտադրություն համար դիմել բժշկին

Քրտնարտադրությունը բնական գործընթաց է, սակայն երբեմն օրգանիզմը փորձում է դրա միջոցով հուշել տարբեր առողջական խնդիրների մասին: Մասնագետները ներկայացրել են, թե ինչ պատճառներով կարող է պայմանավորված լինել առատ քրտնարտադրությունը և որ դեպքերում է հարկավոր դիմել բժշկին:

Մասնագետների խոսքով՝ առատ քրտնարտության պատճառ կարող են դառնալ անհանգստությունն ու լարվածությունը, քանի որ այդ դեպքում մարդու օրգանիզմն ավելի շատ սթրեսի հորմոններ է արտադրում, որոնք էլ խթանում են քրտնարտադրության վրա ազդող նյարդերի ակտիվությունը: Բացի այդ, առատ քրտնարատադրության հանգեցնող ջերմային բալանսը կարող է խանգարվել ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության, կծու մթերքի գործածության, ինչպես նաև տաք ըմպելիքների ու ալկոհոլի ընդունման դեպքում: Սա այն գործոններն են, որոնցից մարդը կարող է խուսափել կամ պահել վերահսկողության տակ:

Երբեմն առատ քրտնարտադրությունը պայմանավորված է լինում օրգանիզմի առանձնահատկություններով, իսկ որոշ դեպքերում էլ՝ ավելորդ քաշով կամ ճարպակալումով, ուստի խնդրից ազատվելու համար բավական է լինում կարգի բերել կազմվածքն ու նվազեցնել քաշը:

Սակայն առատ քրտնարտադրությունը ոչ միշտ է պայմանավորված լինում համեմատաբար անվնաս պատճառներով և կարող է հուշել առողջական լուրջ խնդիրների մասին, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

Ջերմահորդանքներ դաշտանադադարի ժամանակ

Հիպերհիդրոզի այս յուրահատուկ տեսակը դաշտանադադարի ամենատարածված նշաններից է: Ջերմահորդանքների ժամանակ կանանց մոտ ջերմության կտրուկ զգացողություն է առաջանում, ինչն ուղեկցվում է քրտնագեղձերի աշխատանքի ակտիվացմամբ: Այս զգացողությունները սովորաբար տևում են ընդամենը մի քանի վայրկյան, սակայն կարող են օրվա ընթացքում կրկնվել մի քանի անգամ:

Վարակներ

Առատ քրտնարտադրությունը բնորոշ է նաև մի շարք վարակիչ հիվանդություններին, այդ թվում նաև մրսածությանն ու գրիպին: Ընդ որում՝ նման խնդիրների դեպքում սովորաբար քրտնարտադրությունն ավելի ինտենսիվ է դառնում գիշերվա ժամերին: Քրոնիկ վարակիչ հիվանդությունների դեպքում, ինչպիսին են հեպատիտը, տուբերկուլոզը կամ մալարիան, առատ գիշերային քրտնարտադրությունը կարող է անհանգստացնել բավական երկար ժամանակ:

Մետաբոլիկ խանգարումներ

Գոյություն ունեն մետաբոլիկ խանգարումների հետ կապված մի շարք հիվանդություններ, որոնք նույնպես կարող են դրսևորվել առատ քրտնարտադրությամբ:

Հիպերթիրեոզ

Հիպերթիրեոզով հիվանդ մարդիկ չափազանց զգայուն են շոգի նկատմամբ, իսկ նրանց մարմնի ջերմաստիճանը նորմայից բարձր է, ինչի հետևանքով էլ նրանց մոտ հաճախ է նկատվում առատ քրտնարտադրություն:

Դիֆուզ տոքսիկ խպիպ (Գրեյվսի հիվանդություն)

Այս հիվանդությունը հիպերթիրեոզի տեսակներից մեկն է համարվում, ուստի այն նույնպես կարող է դրսևորվել առատ քրտնարտադրությամբ:

Շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետի դեպքում շաքարի մշտական բարձր մակարդակն ու բորբոքային գործընթացները հանգեցնում են տարատեսակ խանգարումների, այդ թվում՝ առատ քրտնարտադրության: Այս դեպքում խնդիրը պայմանավորված է լինում քրտնարտադրությունը կարգավորող նյարդերի վնասվածքներով: Եթե առատ քրտնարտադրությունն ուղեկցվում է թուլությամբ, մկանային դողով, գլխապտույտով ու սրտխփոցով, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև հիպոգլիկեմիայով, ինչը բավական վտանգավոր խնդիր է:

Նյարդաբանական հիվանդություններ

Առատ քրտնարտադրությունը կարող է վկայել նաև նյարդային համակարգի աշխատանքում ախտաբանական փոփոխությունների, օրինակ՝ նյարդային բջիջների ոչնչացմանն գործընթացի մասին: Սա է պատճառը, որ հաճախ այս ախտանշանով է դրսևորվում Պարկինսոնի հիվանդությունը:

Ցավ

Ուժգին ֆիզիկական ցավն ակտիվացնում է սիմպաթիկ նյարդը, ինչի հետևանքով կարող են ի հայտ գալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են սրտխառնոցն ու առատ քրտնարտադրությունը: Այս ախտանշանով կարող են դրսևորվել հոդացավերի ու մկանային ցավերի հետ կապված հիվանդությունները, ինչպիս նաև ֆիբրոմիալգիաները:

Տագնապ

Առատ քրտնարտադրությամբ կարող է դրսևորվել նաև տագնապը: Եթե ամբողջ մարմինը կտրուկ պատվում սառը քրտինքով, որի պատճառով մարդն սկսում է դողալ, ապա մեծ է հավանականությունը, որը խնդիրը պայմանավորված է տագնապի նոպայով: Տագնապը կարող է հանգեցնել նաև զարկերակային ճնշման կտրուկ անկման, ինչպես նաև սրտխփոցի, գլխապտույտի և գիտակցության կարճատև կորստի

Կրծքային հեղձուկ և սրտամկանի ինֆարկտ

Սառը քրտինք կարող է նկատվել նաև կրծքային հեղձուկի (ստենոկարդիա) կամ սրտամկանի ինֆարկտի դեպքում, սակայն այս դեպքում քրտնարտադրությունն ուղեկցվում է կրծքավանդակի ցավով ու ճնշման զգացողությամբ, անհանգստությամբ, գլխապտույտով ու հևոցով:

Օրգանիզմի ինտոքսիկացիա

Որոշ դեպքերում սառը քրտինքը կարող է վկայել ալկոհոլով կամ թմրանյութերով օրգանիզմի ինտոքսիկացիայի մասին:

Քաղցկեղ

Անբացատրելի և չափազանց առատ քրտնարտադրությունը հաճախ քաղցկեղի տեսակներից որևէ մեկի առաջին ախտանշաններից մեկն է լինում: Առավել հաճախ այս ախտանշանով դրսևորվում են ոսկրածուծի լիմֆոման, լոյկոզը կամ ֆիբրոզը: Եթե քրտնարտադրությունն ուղեկցվում է քաշի կորստով ու տենդով, ապա հարկավոր է խորհրդակցել ուռուցքաբանի հետ:

Որոշակի դեղորայքի ընդունում

Կան դեղամիջոցներ, որոնք կարող են անցանկալի կողմնակի բարդություններ առաջացնել, այդ թվում նաև առատ քրտնարտադրություն: Նման դեղամիջոցների շարքին են դասվում այն դեղերը, որոնք ազդում են վեգետատիվ նյարդային համակարգի, գլխուղեղի նյարդային գործառույթների, հորմոնների արտադրության կամ արյան շրջանառության վրա:

Երբ է հարկավոր դիմել բժշկին

Եթե քրտնարտադրությունը չափազանց առատ է և բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Ավելին՝ ոչ մի դեպքում չի կարելի հապաղել, եթե առատ քրտնարտադրությունն ուղեկցվում է նաև այլ ախտանշաններով, այդ թվում ցավով, ծարավի զգացումով, անհանգստությամբ ու վախով: Հարկ է հիշել, որ հաճախակի անհանգստացնող առատ քրտնարտադրությունը մասնագետին դիմելու բավական լուրջ պատճառ է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика