Սուրճը շատ համեղ ու օգտակար ըմպելիք է, սակայն այս ըմպելիքից ժամանակ առ ժամանակ հարկավոր է հրաժարվել օրգանիզմի ընկալունակությունը բարելավելու համար: Նման դեպքերում որպես սուրճի փոխարինիչ կարելի է օգտագործել եղերդակի (цикорий) թուրմ, որը ոչ միայն չի վնասի օրգանիզմին, այլև կնպաստի գլխուղեղի աշխատանքի բարելավմանն ու մարսողական օրգանների առողջացմանը:
Ժամանակի ընթացքում մարդու օրգանիզմը սովորում է կոֆեինի ազդեցությանը, ինչը նվազեցնում է այս ըմպելիքի օգտակար ներուժը: Բացի այդ, օրգանիզմը կախվածություն է ձեռք բերում, ինչն ստիպում է մարդուն ավելի ու ավելի շատ սուրճ օգտագործել, մինչդեռ չարաշահման դեպքում այս օգտակար ըմպելիքը կարող է անգամ վնասակար լինել և դառնալ նյարդայնության, անհանգստության ու անքնության պատճառ:
Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս թույլ տալ օրգանիզմին ժամանակ առ ժամանակ հանգստանալ սուրճից, իսկ այս դեպքում լավագույն օգնականը կարող է լինել եղերդակը: Այս բույսից պատրաստվող ըմպելիքն իր համով շատ նման է սուրճին, ինչի շնորհիվ վերջինից ժամանակավորապես հրաժարվելը դժվար չի լինի: Սակայն միևնույն ժամանակ այն նաև շատ օգտակար է առողջության համար, ինչի մասին քչերը գիտեն: Med2.ru կայքը ներկայացրել է եղերդակի թուրմի ամենաօգտակար հատկություններն ու երեք պատճառ սուրճն այս ըմպելիքով փոխարինելու համար:
Օգնում է ազատվել փորկապությունից Եղերդակի արմատը հարուստ է ինուլին մանրաթելով, որը հեշտացնում է սննդի անցումը մարսողական տրակտով: Բացի այդ, ինուլինը նաև պրեբիոտիկ է, որը խթանում է աղիներում օգտակար բակտերիաների աճը՝ այդ կերպ ամրապնդելով իմունային համակարգը:
Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը Հետազոտությունները ցույց են տվել, որ եղերդակի բաղադրության մեջ պարունակվող ինուլինն օգնում է նաև նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը շաքարային դիաբետի դեպքում, ինչպես նաև նվազեցնում է կայունությունն ինսուլինի նկատմամբ: Եղերդակի այս հատկությունը թույլ է տալիս նվազենել սննդակարգի ընդհանուր կալորիականությունը, ինչը շատ օգտակար է ճարպակալման և մետաբոլիկ խանգարումների դեմ պայքարում:
Բարելավում է գլխուղեղի գործառույթները Եղերդակը պարունակում է մանգան և վիտամին B6, որոնք գլխուղեղի համար կարևորագույն սննդարար նյութերն են: Դրանց շնորհիվ եղերդակի թուրմն ազդում է որպես հակաօքսիդանտ և անոթները լայնացնող միջոց, ինչպես նաև խթանում է արյան հոսքը դեպի գլխուղեղ: Բացի այդ, եղերդակի բաղադրիչների համալիր ազդեցությունը մեծացնում է նեյրոնների միջև էլեկտրական ազդանշանների փոխանցման արագությունը, ինչն էլ բարելավում է գլխուղեղի գործառույթներն ու թույլ է տալիս մարդուն ավելի արագ մտածել ու հեշտ կողմնորոշվել: