Սեյրան Օհանյանի հակահարվածը Քոչարյանին․ ուր են տանում գեներալի ճանապարհները

Բոլորն են հիշում, թե ինչպիսի ցուցադրականությամբ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով դատավարության մեկնարկին մերժեց նույն գործով անցնող մյուս մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պարզած ձեռքը։ Իհարկե, հաջորդ նիստին Քոչարյանի ու Օհանյանի «պատմական» բարևը տեղի ունեցավ, սակայն ընդհանուր համատեքստի վրա դա չանդրադարձավ ու նույնիսկ անզեն աչքով էլ տեսանելի է այն լարվածությունն, որն առկա է Ռոբերտ Քոչարյանի ու Սեյրան Օհանյանի հարաբերություններում ու նաև խիստ տարբեր են այս երկու մեղադրյալների հանդեպ դատարանի ու մեղադրող կողմի մոտեցումները։

Խոսենք փաստերով։ Անցած շաբաթվա ընթացքում դատարանը երկու անգամ հրաժարվեց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ընդ որում՝ երկու դեպքում էլ պաշտպանական կողմի միջնորդությանը կոշտ հակազդել է դատախազությունը՝ օբյեկտիվ ու հիմնավորված փաստարկներով։ Դատական նույն նիստում, երբ երկրորդ անգամ մերժվեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, Սեյրան Օհանյանի հետ կապված արձանագրվեց ուշագրավ դրվագ։ ՊՆ նախկին նախարարի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ թույլատրել Օհանյանին կարճատև ժամանակով բացակայել երկրից՝ առողջական խնդիրներով պայմանավորված։ Ուշագրավ է, որ դատախազությունը չառարկեց այս միջնորդությանը, իսկ դատարանն այն բավարարեց՝ առանց խորհրդակցական սենյակ մտնելու։

Սա ցուցադրական ժեստ էր Քոչարյանի հանդեպ։ Չի փոխվում անգամ նրա խափանման միջոցը, որովհետև պատկան մարմինները կարծում են, որ Քոչարյանը կփորձի ազդել քննության օբյեկտիվության վրա, իսկ Սեյրան Օհանյանի պարագայում արտոնվում է անգամ երկրից բացակայությունը։

Շատերն ասում են, որ Սեյրան Օհանյանն առջևում նոր «անակնկալներ» է մատուցելու՝ դատարանում աղմկոտ ցուցմունքներ տալով ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլ նաև՝ քրեաօլիգարխիկ համակարգի մյուս կարկառունների դեմ։

Ի դեպ, դատական վերջին նիստից հետո Օհանյանը լրագրողների հետ զրույցում Քոչարյանին այդպես էլ քաղբանտարկյալ չի համարել։ Ինչ վերաբերում է հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյա՞լ է, նախկին նախարարը պատասխանել է. «Ես գտնում եմ, որ առանձնացված մոտեցում կա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որովհետև ես միշտ ասել եմ, որ ես նմանատիպ մոտեցում կունենայի, եթե նման մոտեցում լիներ հանրապետության ցանկացած, բոլոր 3 նախագահների նկատմամբ: Քանի որ առանձնահատուկ և առանձնացված վերաբերմունք կա, ես գտնում եմ, որ ինչ-որ բան այն չէ: Թող բոլորը մտածեն՝ ինքը քաղբանտարկյա՞լ է, թե՞ քաղբանտարկյալ չէ»:

Ինչպես տեսնում ենք՝ Օհանյանն այդպես էլ հստակ պատասխան չի տալիս ու դա նույնիսկ օբյեկտիվ է։ Եթե ՊՆ նախկին նախարարը պնդում անի, թե դատարանը իշխանության քաղաքական պատվերն է կատարում, ապա ակամայից կստացվի, որ իշխանությունն է թելադրում ոչ միայն Քոչարյանի նկատմամբ «ռեպրեսիան», այլ նաև իր անձի նկատմամբ ցուցաբերվող «հումանիզմը»։ Ինչո՞ւ․․․

Օհանյանն առայժմ չի ուզում բարդ հարցերի պատասխանել, միայն ժամանակ առ ժամանակ հակահարվածներ է հասցնում Քոչարյանին՝ հնարավորինս սահմանազատվելով նրանից։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика