Նախորդ տարեվերջին «Հայ համերգ Project»-ը ներկայացրեց «Զարթնում է Երևանը» համերգային ծրագիրը, որի շրջանակում նոր շնչով ներկայացրեց նախորդ դարի 40-70-ական թվականների հիթերը: Այս տարի ստեղծագործական թիմը սկսել է երգերը ներկայացնել համացանցում: Օրերս նրանք ներկայացրին «Օրոր շորոր» երաժշտական կատարումը, որի խոսքերի հեղինակը Վիլյամ Սարոյանն է, երաժշտությունը գրել է Ռոսս Բաղդասարյանը:
Այս երգի օրիգինալ անվանումը Come On-A My House է, այն կատարել են հռչակավոր կատարողներ Ժակ Դյուվալյանը, Կարո Տոնիկյանը, Ռոզմարի Քլունին: «Հայ համերգ Project»-ը երիտասարդ երգիչ-երգչուհիների սեքստետ է, որը կատարում է տարբեր ժամանակների հիթային երգեր՝ նորովի մեկնաբանությամբ: Երաժշտական նախագծի հեղինակներն Արթուր Ջանիբեկյանն ու Ռուբեն Ջաղինյանն են:
«Մեր ցանկությունն է, որ Երևանը որոշ քաղաքների նման ունենա իր շոուն, ինչով կարող է ներկայանալ զբոսաշրջիկներին, քաղաքի հյուրերին՝ նրանց ծանոթացնելու այդ ժամանակաշրջանի մեր քաղաքային մշակույթին և ցույց տալու այսօրվա մեր մոտեցումը անցյալին։ Սա մի նախագիծ է, որը մեր պատկերացմամբ պետք է դառնա մշտապես գործող շոու։ Ընդհանրապես, խորհրդային ժամանակաշրջանի երգերն անարդարացիորեն մոռացվել են, սակայն դրանք բավականին մեղեդային և գեղեցիկ նմուշներ են։
Բացի այդ, և՛ երաժշտական, և՛ դիտարժանության առումով գրավիչ այս ներկայացումը արտահանելու նպատակ ունենք, որպեսզի աշխարհի հայաշատ վայրերում ևս մեր հայրենակիցները հնարավորություն ունենան վայելելու իրենց համար հոգեհարազատ հայ երգը»,- Tert.am Life-ին ասել ր կոմպոզիտոր, նախագծի երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը և հավելել, որ նախագծում տեղ են գտել «Երգ գինու մասին», «Օրոր շորոր» «Զարթնում է Երևանը» և այլ կատարումներ: Այդ շարքում է նաև պոպուրի՝ հայտնի և սիրված երգերից: Հայոց բանակի օրվա առթիվ նրանց կատարմամբ հնչեց «Անել առավել, քան» նոր ստեղծված երգը: