Վարչապետին չենթարկվողները դավաճան չեն. Տարոն Սիմոնյանը իշխանության թիմի ներսում կառավարման աշխատանքը լավ չկազմակերպելու մասին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը կարծում է, որ եթե դավաճանների ցանցի հայտնաբերման վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյանների հայտարարությունը զուտ միայն քաղաքական բնույթ չկրեր, ապա առնվազն քրեական գործ պետք է հարուցված լիներ: Tert.am-ի հետ զրույցում Տարոն Սիմոնյանն ասաց, որ եթե վարչապետը դավաճան է անվանում նրանց ովքեր իրեն չեն ենթարկվում, ապա թիմին դավաճանելը հանցանք չէ:

— Պարոն Սիմոնյան բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ՝ այդ թվում վարչապետը խոսում են իրավապահ համակարգում դավաճանների առկայության մասին, ինչպես գիտեք ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնիսկ հայտարարել էր, որ Հայաստանում դավաճանների ցանց է հայտնաբերվել։ Նման հայտարարություններին ինչպես եք վերաբերում, արդյո՞ք իրական վտանգ տեսնում եք:

-Տարակուսելի է այն, որ այդ հայտարարություններից հետո որևէ քրեական գործ չի հարուցվում, եթե իրականում դավաճանության, լրտեսության կամ հնարավոր այլ դեպքեր են գրանցվել, ապա դրանք քրեաիրավական հետևանքներ պետք է ունենան, ինչը նշանակում է, որ առնվազն քրեական գործ պետք է հարուցվի, հետաքննություն, նախաքննություն իրականցվի։ Երբ, որ այս ամենը չի իրականացվում, մեզ մոտ առաջանում է կասկած, որ սա պարզապես քաղաքական հայտարարություն է, բայց այստեղ էլ մյուս խնդիրն է ի հայտ գալիս, քաղաքական հայտարարության նպատակով չի կարելի հանցագործություն կատարելու վերաբերյալ հաղորդում, հայտարարություն տալ ու թողնել անպատասխան։ Երկու դեպքում էլ սխալ մեկնաբանությունների խնդիր կա, առավելապես այն պարագայում, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն են հնչեցնում, վարչապետը նաև ոստիկանության քաղաքական պատասխանատուն է, և հետևաբար, եթե նման հայտարարություն է անում, նշանակում է, որ Ոստիկանությունն առնվազն պետք է հետամուտ լինի այդ հայտարարության հետևից և գտնի, բացահայտի այն անձանց, որոնք դավաճան են, իսկ եթե վարչապետը խոսում է, դավաճան է անվանում նրանց, ովքեր իրեն չեն ենթարկվում, սա դավաճանություն չէ, Քրեական օրենսգրքով սահմանված արարք չէ։ Սա պարզապես քաղաքական հայտարարություն է, որ իր թիմում կան մարդիկ, ովքեր իրեն չեն ենթարկվում, իսկ այստեղ արդեն պատասխանատուն այն մարմինն է, որը որ ձևավորում է մնացած բոլոր պետական մարմինները։

-Պարոն Սիմոնյան գուցե իշխանությունները վախեր ունենան այն պատճառով, որ համակարգում շատերը իրենց վարած քաղաքականության հետ համաձայն չեն, հնարավոր է նաև ինֆորմացիայի արտահոսքից են խուսափում։

-Հնարավոր է չեմ կարող բացառել, բայց բոլոր դեպքերում պետական պաշտոնյաներ պետք է զգոնություն դրսևորեն, որովհետև այդ հայտարարությունները հասարակության շրջանում նաև հնչեղություն են ձեռքբերում։ Եթե կան այնպիսի մարդիկ, որոնք չեն ենթարկվում վարվող քաղաքականության պատճառով, դա այլ հարց է, և դավաճան բառը չպետք է օգտագործեն, քանի որ դա Քրեական օրենսգրքում սահմանված արարք է։ Եթե չեք կարողանում թիմի ներսում կառավարման աշխատանքը լավ կազմակերպել, դա ձեր մեղքն է, ոչ թե այլոց։ Թիմին դավաճանելը հանցանք չէ։ Քաղաքական թիմ է, մեկը կարող է դուրս գալ, մեկը մտնել, մեր թիմից էլ են դուրս եկել, շատերն էլ եկել են։ Ինչ է նշանակում է, որ մենք նրանց Քրեական օրենսգրքով սահմանված արարքի մեջ մեղադրենք։

-Կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը ուժայիններում իրավիճակին չի տիրապետում։

-Ես չեմ կարող ասել, Փաշինյանը պետք է ասի, բայց եթե անընդհատ բարձրաձայնում է, որ իրավապահ համակարգը դիմադրում է փոփոխություններին, ուրեմն մի բան այն չէ։

-Վերջին ժամանակահատվածում իշխանության ներկայացուցիչները պարբերաբար ԼՀԿ-ի վերաբերյալ կոշտ հայտարարություններ են հնչեցնում թե՛ խորհրդարանի ամբիոնից, թե՛ ԶԼՄ-ներում։ Կրկին հիշել են այն, որ հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը չէր միացել Նիկոլ Փաշինյանին։

-Գիտեք, կարող է 10-20 տարի անցնի նույն թեմայից խոսեն, ինչքան կարելի է, մարդն իր քաղաքական ուղին հայտարարել է, դուք այլ քաղաքական ուղիով եք գնացել, հաղթել եք, շնորհավորում ենք և դափնիները ձեզ է տրվել, եթե մենք գնացած լինեինք, մենք դափնիները կվերցնեինք։ Հասել եք հաղթանակի, ինչի եք նույն թեման պարբերաբար շոշափում, երբ սխալներ եք անում և մենք բարձրաձայնում ենք: Կարո՞ղ է 10 տարվա դեպք հիշեք, ասեք, հետևաբար, դու չպետք է բարձրաձայնես իմ սխալները։ Ես անձամբ իմ ուսանողների հետ մասնակցել եմ քայլերթներին, բայց ես դա դրոշակի պես չեմ բարձրացնում ու ասում. գիտե՞ք, ես մասնակցել եմ, հետևաբար, ամեն ինչում ճիշտ եմ: Ինքներդ եք տեսնում, թե ԼՀԿ-ն ինչ թիրախային հարցեր է բարձրաձայնում ու դրան պատասխանելու բան իշխանությունը չունի, ստիպված գնում է նման քայլերի, որ հասարակության ուշադրությունը շեղի իր կողմից առաջացրած խնդիրներից։ Բոլորս տեսնում ենք, որ մեր կողմից բարձրացրած խնդիրներն արդիական են, հուզում են մարդկանց և ի վերջո դրանք բովանդակային են։

Հեղինակ Անի Գևորգյան։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика