Դերասան Վիլեն Սարգսյանը, ով լսարանին առավել հայտնի է «Անուրջներ», «Բանակում», «Մեր գյուղը» հեռուստասերիալներից, եթերային դադարից հետո էկրան է վերադարձել «Թղթե երազանք» հեռուստանովելի շրջանակում։ Եթերային դադարը Վիլենը հիմնավորեց առաջարկների բացակայությամբ։
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը խոսեց առաջարկներ չունենալու, թատրոնում զբաղվածության, հարսանիքներ չվարելու և հեռուստատեսային դաշտի մասին։
«Չեմ կարող հստակ ասել, թե ինչով է պայմանավորված առաջարկների բացակայությունը, սակայն կարող եմ ենթադրել, որ սերիալներ ու ֆիլմեր քիչ են նկարահանում, իսկ դերասանները շատ են։ Գուցե «Թղթե երազանք»-ից հետո կրկին երկար դադար ունենամ»,- ասաց Վիլենը։
Դերասանի հիմնական զբաղվածությունը Կամերային երաժշտական թատրոնում է։ Ըստ Վիլենի՝ անկախ ամեն ինչից նախընտրում է թատրոնը, բայց այդ ընտրությանն օբյեկտիվ բացատրություն տալ չի կարող։
«Մեկի մոտ հեռուստատեսային առաջարկները շատ են լինում, մյուսի մոտ՝ քիչ: Հնարավոր է՝ դրանով էլ որոշվում է՝ ժամանակն առավել թատրոնի՞ն են տրամադրում, թե՞ սերիալին կամ գեղարվեստական ֆիլմին։ Իմ դեպքում ինքնաբերաբար է ստացվել թատրոնի գերակայությունը, քանի որ առաջարկներ չկան։ Առհասարակ, թատրոնի մասին պետք է խոսեն այն մարդիկ, որոնք ինչ-որ մի բան արել են թատրոնի համար։ Չեմ կարծում, որ ես հասցրել եմ ինչ-որ բան անել: Լինելով բեմում՝ չեմ կարող ասել, որ հանդիսատեսի հետաքրքրութունը մեծացել է թատրոնի հանդեպ։ Իմ համոզմունքն է, որ հակառակը՝ մարդիկ չեն ընկալում թատրոնը, չեն սիրում, գուցե, տեղն էլ չգիտեն»,- ասաց դերասանը։
Թե ինչու, ըստ դերասանաի, մարդիկ թատրոնի տեղն էլ չգիտեն, Վիլենը պարզաբանեց․ «Ինձ թվում է՝ առաջին հերթին մենք՝ դերասաններս, թատրոնի հանդեպ հետաքրքրություն չունենք։ Ինքս աշխատում եմ թատրոնում, բայց չեմ ամաչում ասել, որ թատրնում ամեն ինչ որակով և իր բարձունքների վրա չէ։ Ամեն տեղ էլ նույն բանն է, նույն մակարդակը։ Թատոնն այսօր կորցրել է իր հիմնական գործառույթը, և դա մեր մեղավորությունն է՝ այն մարդկանց, ովքեր զբաղվում են թատրոնով։ Մենք ավելի քիչ ենք անում, քան կարող ենք․ չպետք է ծուլանալ, պետք է անել ավելին՝ բողոքելու, խոսելու, մեղավորներ փնտրելու փոխարեն։ Եթե ունենք նման արդյունք, ուրեմն ինչ-որ բան ինչ-որ տեղ թերացել է։ Կողքից էլի շատ գործոններ կան, միակ բանը, որը հստակ կարող եմ ասել, չաշխատելու գործոնն է»։
Խոսելով թատրոնում ցածր վարձատրության մասին՝ դերասանը նկատեց, որ իր գործընկերները հաճախ են փորձում մասնագիտական գործունեությանը հնարավորինս համատեղել ուրիշ աշխատանքների հետ:
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ թատրոնում քիչ են վարձատրում։ Իհարկե, շատ դերասաններ փորձում են համատեղել, հազար գործ են անում։ Ինքս էլ փորձում եմ համատեղել ինչ-որ աշխատանքների հետ, բայց հարսանիք չեմ վարում։ Այնպես չէ, որ դա սկզբունքային հարց է ինձ համար, ուղղակի դա մարդուց է գալիս՝ ամեն դերասան չի կարող հարսանիք վարել: Ես հարսանիքներ չեմ վարում, որովհետև կան բաներ, որոնք չեմ կարողանում հաղթահարել»,- ասաց նա:
Հեռուստատեսային դաշտի մասին խոսելիս Վիլենն ասաց․ «Ակտիվ հեռուստադիտող չեմ, առանձնապես չեմ էլ հետևում, մեծ մասամբ գիտեմ, թե ինչ է կատարվում։ Մասնագիտական մի շարք հարցեր կան, որոնց մասին շատ կարելի է երկար խոսել՝ այդ թվում որակի, գեղագիտական ճաշակի։ Սա գալիս է ոչ միայն դերասանի խաղից, այլև թիմային աշխատանքից, որտեղ ամեն միավորը պետք է որակ ներկայացնի։ Մեզ մոտ շատ բաներ կաղում են՝ սկսած դերասանական խաղից, վերջացրած ադմինիստրատիվ աշխատանքով։ Չեմ հետևում հեռուստատեսությանը, որովհետև այնտեղ հետաքրքիր բան չկա»։
Վիլենի կինը՝ դերասանուհի Էմմա Մանուկյանը, նկարահանվում է «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում՚ Դերասանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիքի է կնոջ խաղի մասին և որքանով է հետևում նրա հեռուստատեսային աշխատանքին․ «Այնպես չէ, որ կնոջս մասնագիտական որակներին նոր պետք է ծանոթանայի։ Ինձ թվում է՝ այն, ինչ ինքն անում է, անում է լավ ձևով և փորձում է բավարար կերպով ներկայանալ հեռուստադիտողներին։ Ես միայն ուրախ եմ դրա համար ու հնարավորինս փորձում եմ հետևել»։
Հեղինակ Զառա Ղազարյան: Աղբյուր