Փաշինյանը զգում է իր շուրջը ձեւավորվող բացասական ֆոնը եւ փորձում է կանխել դա. քաղաքագետ

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադրին եւ «Ադեկվադ» կուսակցության անդամներին բերման ենթարկելով իշխանությունը երկու խնդիր է լուծում՝ նախ հասարակական ուշադրությունը շեղել հայտնի գրիչի պատմությունից , ապա նույն այդ հասարակության շրջանում վախի մթնոլորտ սերմանել։«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ՝ անդրադառնալով այսօր իրավապահների ձեռնարկած գործողություններին,

«Այդ գրիչի պատմությունով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային կարծիքը տրամադրվեց իր դեմ եւ այդ «մասկի շոու»-ի առաջինն նպատակն էր այս քայլերով փոքր-ինչ շեղել հանրային տրամադրությունները գրիչից եւ այդ ասուլիսից ու տեղափոխել դեպի այդ տղաները։ Երկրորդ խնդիրը պայմանավորված է այն հանգամանքի հետ, որ ուժային կառույցները չեն կարողանում պատշաճ լուծել այսպես ասած տարբեր շրջանակների՝ եւ ՍԴ-ի, եւ նախկին նախագահի եւ այլ գործիչների խնդիրները եւ ասուլիսին էլ նկատելի էր, որ Փաշինյանը նյարդայնացած է։ Այդ իմաստով, նա այսկերպ նաեւ փորձում է վախի մթնոլորտ սերմանել, որպեսզի դրանով փորձի կոմպենսացնել այն բացասական գործընթացները, որոնք կատարվում են իր շուրջը»,-կարծում է Երվանդ Բոզոյանը։

Քաղաքագետը շեշտեց՝ ստացվել է այնպես, որ բամբասանք դուրս եկավ նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից հեղաշրջում նախապատրաստելու վերաբերյալ վարչապետի ներկայացրածը։ «Մարդիկ այդ ասուլիսի ժամանակ սպասում էին, թե ինքը ինչ փաստեր է ներկայացնելու այդ, իբր հեղաշրջման հետ կապված, բայց պարզվեց, որ վարչապետը ոչ մի փաստ չի բերում, այսինքն, Վանեցյանի խնդիրը սահմանափակվեց սկետչի հիշատակումով, ինչը ցույց տվեց, որ Փաշինյանը կամ պատրաստ չէ խոսել Վանեցյանի մասին կամ դրա հետ կապված որեւէ փաստ չունի ու խոսում է իր վախերի մասին»,-նշեց քաղաքագետը։

Երվանդ Բոզոյանը շեշտեց՝ Փաշինյանը յուրահատուկ ունակություն ունի բոլորին թշնամացնել իր դեմ եւ հիմա ոչ միայն նախկիններն են նրա թշանամին, այլեւ խորհրդարանական ուժերը, պետական ապարատի աշխատողները, որոնք հայտարարվեցին հեղափոխությանը խոչընդոտողներ։«Փաստացի նա դիսկոմֆորտ վիճակում է հայտնվել բոլորի հետ, չկա մի միջավայր, որտեղ ինքը ներդաշնակ լինի։ Փաշինյանը նույնիսկ իր կուսակցության մեջ ունի պրոբլեմներ եւ դա էլ է հասկանալի, որովհետեւ, երբ հասարակությունը բաժանված է տարբեր մասերի, պառակտված է, իր կուսակցությունը չի կարող միասնական լինել»,-ասաց Երվանդ Բոզոյանը։

Ինչ վերաբերվում է դիտարկմանը, թե ինչու իրավապահները տոնական օրով ձեռնարկեցին վերոնշյալ գործողությունները, քաղաքագետը նշեց. «Տոնը գուցե հասարակության , ժողովրդի համար է, բայց, եկեք անկեղծ լինենք, այն ասուլիսը, որը նա ունեցավ եւ այն գրիչը, որը որպես փաստ ներկայացրեց, այնքան մեծ ազդեցություն են թողել իր վրա, որ ըստ էության, իր համար տոն, շաբաթ, կիրակի գոյություն չունեն, նա ամեն օր զգում է այն բացասական գործընթացներն ու տրամադրությունները, որ ձեւավորվում են իր շուրջը եւ փորձում է դա կանխել»։

Հիշեցնենք, Կապանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իշխանափոխությունից հետո բազմիցս քծնել է իրեն, փորձել իր ծառայություններն առաջարկել, սակայն Փաշինյանը հրաժարվել է: Այն բանից հետո, երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ապացույցներ ներկայացնելու համար Փաշինյանին 20 օր ժամանակ տվեց՝ հակառակ դեպքում դատարան հայց ներկայացնելու զգուշացումով, Նիկոլ Փաշինյանը խոստացավ «հուժկու հակահարված» հասցնել վերջինիս եւ ապացույցներ հրապարակել եւ Երեւան վերադառնալով հրապարակեց մի գրիչի լուսանկար:

«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե՞ ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն», -Ֆեյսբուքում գրել էր Փաշինյանը՝ հավելելով, որ այն իրեն 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին Հրայր Թովմասյանն է փոխանցել: Այս գրառմանը հաջորդեց Փաշինյանի մեկ այլ գրառում, որով նա հայտնեց, թե շոկ է ապրել գրիչի գինն իմանալուց հետո:

Աղբյուր` Փաստինֆո

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика