Հայ հայտնիները «ՔոմենթՉի» նոր նախագծի ընթացքում կհայտնվեն անհարմար իրավիճակներում. նրանք պետք է կամ պրովոկացիոն մեկնաբանություններ պետք է գրեն իրենց գործընկերների էջերում, կամ «պատժի» ենթարկվեն՝ կատարելով ոչ այնքան հաճելի առաջադրանքներ: Հաղորդման պրոդյուսերը «Մեծ Հայք»-ի Նարեկն է, հաղորդավարը՝ «Հումորի լիգա» նախագծից Արմեն Զաքարյանը:
Նարեկը Tert.am Life-ին պատմել է նախագծի առաջին մանրամասները: Ռուսական «Чикен Карри» Youtube-յան ալիքում Սաշա Գուդկովն ու Վովա Մարկոնին ներկայացնում են Comment Out հաղորդումը: Պրոդյուսերը նշեց, որ մտահղացումն իրենք վերցրել են Comment Out-ից՝ դարձնելով «ՔոմենթՉի»:
«Ռուսական տարբերակից շատ չենք շեղվել՝ փորձելով այլ նախագծերից ևս ինչ-որ բաներ ներառել: Բացի այդ, հավանաբար, իրենք էլ ինչ-որ տեղից վերցրել են դա: Հաղորդումների ընթացքում կունենանք երկու հայտնի հյուր, որոնք իրար հետ կմրցեն: Ամեն անգամ նրանց մոտ դնում ենք երեք թուղթ. մեկի վրա գրված է պրովոկացիոն մեկնաբանություն, մյուսի վրա՝ հայտնի մարդու անունը, որի հրապարակման տակ պետք է գրվի մեկնաբանությունը, մեկ այլ թղթի վրա նշված է առաջադրանքը: Եթե մասնակիցը հրաժարվում է գրել մեկնաբանությունը, պետք է կատարի այդ առաջադրանքը»,-ասաց Նարեկը:
Պրեդյուսերը նշեց, որ իրենց նպատակը հայ հայտնիների մասնակցությամբ զվարճալի նախագիծ իրականացնելն էր. «Չենք փորձել հատուկ ինչ-որ բան մտածել, ուղղակի ցանկանում ենք հայերենով ժամանացային հաղորդում ներկայացնել: Այն հասանելի կլինի օնլայն: Ամեն ինչ անում ենք, որպեսզի առաջիկա օրերին առաջին հաղորդման ամբողջական տարբերակը հասանելի լինի»:
Նախագծի առաջին հյուրերը դերասանուհի Ժաննա Բուտուլյանն ու երգիչ Գևորգ Մարտիրոսյանն են: Նարեկը նշեց, որ սպասվածից մի քանի անգամ ավելի զվարճալի հաղորդում է ստացվել:
«Շատ անսպասելի ու, անգամ, մեզ համար անկանխատեսելի բան եղավ: Ժաննա Բուտուլյանը հաղորդման ընթացքում ձեռքին դաջվածք արեց՝ իրական դաջվածք: Սցենարով գրել էինք այդ առաջադրանքը, բայց ենթադրում էինք, որ ոչ ոք չի անի, ստիպված կգրի մեկնաբանությունը: Մեզ համար դա իրատեսական չէր, անգամ մտածում էինք՝ հրավիրե՞լ դաջվածք անողի, թե՞ ոչ: Բարեբախտաբար, հրավիրել էինք: Շատ շոկային ու ծիծաղելի բան ստացվեց: Գևորգ Մարտիրոսյանը կեղևով ձու կերավ, իր գլխին ճաշ լցրեցինք, նա պրովոկացիոն մեկնաբանություն գրեց Սպիտակցի Հայկոյի էջում, զանգեց Սոնա Շահգելդյանին, թե էլ ինչ եղավ՝ փակագծերը չեմ բացի»,- ասաց Նարեկը:
Խոսելով հայ հայտնիների համարձակության ու բարդույթների մասին՝ Նարեկը նշեց, որ հաճելիորեն զարմացած է. «Եթե համեմատենք Comment Out-ի ռուս հյուրերի հետ, իհարկե մեզ մոտ բարդույթները շատ են: Ամեն դեպքում, կարծում եմ, որ մեր հայտնիներն էլ հումորի շատ լավ զգացում ունեն և խնդիր չի լինի: Մինչ այսօր արված նկարահանումները նկարահանել բոլորիս համար էլ ծիծաղելի են եղել: Որոշ դեպքերում ինձ համար անսպասելի էր, որ այդքան համարձակ կգտնվեն: Շատ ծիծաղելի պահեր են եղել ու հույս ունենք, որ մարդիկ ըմբռնումով կմոտենան»:
Հարցին՝ տարօրինակ մեկնաբանությունները կմնա՞ն, թե դրանք հեռացնելու են հաղորդումից հետո, Նարեկը պատասխանեց, որ շուտով հեռացնելու համար էլ առանձին «պատիժ» կսահմանեն:
«Մենք ասում ենք, որ չջնջեն մեկնաբանությունները, բայց, հավանաբար, ջնջում են: Ռուսական տարբերակի դեպքում էլ գրածն 99%-ով մի քանի ժամ հետո հեռացնում են: Սա մեր առաջին հաղորդումն էր, երբ մի քանի թողարկում ունենանք, մեր հետևորդներին կասենք, եթե նկատեն մեկնաբանությունը ջնջել են, մտնեն հայտնիների էջ և մի բան գրեն»,- ասաց նա:
Հեղինակ Զառա Ղազարյան։ Աղբյուր