5 տարածված դեղաբույս որոնք կարող են վտանգավոր լինել և առողջական խնդիրներ առաջացնել

Դեղաբույսերը զուր չեն կոչվում դեղատու բույսեր, քանի որ դրանք կիրառվում են տարատեսակ խնդիրների ու հիվանդությունների բուժման համար: Այդպիսի բույսերի գործածությունը նման է դեղորայքի գործածությանը, բայց ավելի թույլ ազդեցությամբ, սակայն անգամ այս դեպքում դրանք կարող են բավական վտանգավոր լինել և վնասել առողջությանը: Սա է պատճառը, որ դեղաբույսերի օգնությամբ որևէ խնդիր բուժելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և չզբաղվել ինքնաբուժությամբ հետագա բարդություններից խուսափելու համար:

MedikForum.ru կայքը ներկայացրել է ամենատարածված դեղաբույսերը, որոնք սխալմամբ համարվում են բացարձակապես անվնաս օրգանիզմի համար: Մասնագետների խոսքով՝ այս բույսերը կարող են շատ օգտակար լինել չափավոր գործածության դեպքում, մինչդեռ դրանց չարաշահումը բարձրացնում է կողմնակի բարդությունների զարգացման հավանականությունը:

Պատրինջ դեղատու Այս դեղաբույսը թույլ է տալիս ազատվել անհանգստությունից, բարձրացնում է աշխատունակությունը, բարելավում է հիշողությունն ու օգնում է հեշտ կենտրոնանալ: Պատրինջի թուրմն ունի հաճելի համ և բույր, ուստի շատերն այն համարում են բացարձակապես անվնաս, սակայն այս թուրմի հաճախակի ընդունումը վնասում է օրգանիզմին, քանի որ այն պարունակում է տոքսիկ նյութ՝ ցիտրալ: Այս թուրմի չարաշահումը հանգեցնում է քունքերի և ճակատի հատվածում ծանրության ու ճնշման զգացողության, քնկոտության, դանդաղկոտության, գլխապտույտի և գլխացավերի առաջացման: Ընդ որում՝ տհաճ զգացողությունները կարող են ի հայտ գալ ոչ անմիջապես, այլ 2-3 շաբաթ հաճախ ընդունելուց հետո:

Երիցուկ դեղատնային Այս բույսն օժտված է լեղամուղ, հակաբորբոքային և սպազմոլիտիկ ազդեցությամբ, ուստի հաճախ կիրառվում է որպես հանգստացնող ու ցավազրկող միջոց: Սակայն այս դեղաբույսը կարող է շատ վտանգավոր լինել հղիների ու կերակրող մայրերի, ինչպես նաև առատ դաշտանային արյունահոսություններ ունեցող կանանց համար, քանի որ այն թուլացնում է հարթ մկանները: Բացի այդ, դեղատնային երիցուկը դանդաղեցնում է երկաթի ներծծման գործընթացը մարսողական համակարգից արյան մեջ, ինչը կարող է հանգեցնել երկաթդեֆիցիտային անեմիայի (սակավարյունություն) զարգացման:

Անանուխ Այս դեղաբույսը հաճախ է կիրառվում ինչպես ըմպելիքների, այնպես էլ տարատեսակ ուտեստների մեջ: Այն օժտված է սպազմոլիտիկ հատկություններով, նվազեցնում է զարկերակային ճնշումը և օգնում է ազատվել դաշտանային ու աղիքային ցավերից, սակայն անանուխի չարաշահումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը: Բանն այն է, որ անանուխը պարունակում է մենթոլ, որը բացասաբար է անդրադառնում շնաչառական համակարգի վրա և նվազեցնում է սրտի կծկումների ինտենսիվությունը:

Բացի այդ, այս դեղաբույսի գործածության հետևանքով բարձրանում է կողմնակի բարդությունների զարգացման վտանգը հազվասրտության (բրադիկարդիա) և բրոնխիալ ասթմայի դեպքում, իսկ տղամարդկանց դեպքում այս դեղաբույսը կարող է դառնալ էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառ:

Սրոհունդ Սրոհունդն օժտված է հանգստացնող ու հակաբորբոքային հատկություններով, սակայն դրա չարաշահումը կարող է դառնալ մարսողական տրակտի աշխատանքի խանգարման պատճառ՝ հանգեցնելով լյարդի ցավերի, փորկապության ու բերանում դառը համի առկայության: Բացի այդ, այս դեղաբույսը կարող է հանգեցնել նաև թուլության, քնկոտության, ուշադրության կենտրոնացման թուլացման և այլ խնդիրների:

Օշինդր Այս դեղաբույսը դարեր ի վեր կիրառվում է որպես ախորժակը խթանող բնական միջոց: Բացի այդ, օշինդրով պատրաստված դեղամիջոցները կարող են ճնշել ցավային համախտանիշն ու մեղմել ցավը կանանց վերարտադրողական համակարգի հիվանդությունների դեպքում: Սակայն այս բույսի չարաշահումը կարող է դառնալ լուրջ խնդիր, քանի որ մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում այն կարող է ազդել որպես հալյուցինածին միջոց՝ դառնալով զառանցանքի և էպիլեպտիկ նոպաներ հիշեցնող նոպաների պատճառ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика