Այս կառավարությունը գնում է սահմանափակումների թուլացման, որովհետև ապաշնորհ է, չի կարողանում և չի հասկանում, թե որն է ճիշտ վարվելակերպը․ Հայկ Մարտիրոսյան

Այս Կառավարությունը գնում է սահմանափակումների թուլացման, որովհետև ապաշնորհ է, չի կարողանում և չի հասկանում, թե որն է ճիշտ վարվելակերպը։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մայիսի 4-ից սահամանափակումները գրեթե ամբողջությամբ հանելուն։ «Բացատրում են նրանով, որ տանը նստած՝ առանց աշխատանքի չեն կարող ապրել: Դա հասկանալի է:

Բայց մի իրավիճակում, երբ սեփական երկրի վարչապետը հրաժարվում էր իր ժողովրդին համատարած համահավասար սոցիալական աջակցություն ցուցաբերել և լուծումը տեսնում էր երկիրն անվերահսկելիորեն բացելու մեջ՝ լիովին անհասկանալի է մարդկանց հրաժարումը վարչապետից պահանջելու իրենց մինիմալ սոցզամբյուղն ապահովել բյուջեի հաշվին, երբ դա անում են բազում-բազում պետություններ»,- նշեց քաղաքագետը։ Նրա կարծիքով՝ Հայաստանում առաջիկա թվային պայթյունը հենց այդ սահմանափակումների հանմամբ է պայմանավորված լինելու:

— Պարետատան որոշմամբ՝ մայիսի 4-ից հանվեցին գրեթե բոլոր սահամանափակումները․ գործում են բացօթյա սրճարաններն ու ռեստորանները, գեղեցկության սրահները, հանվեցին են ազատ տեղաշարժի սահամանփակումները։ Չեն գործում տրանսպորտը, մոլերը, հանրախանութները։ Վտանգներ տեսնո՞ւմ եք, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս որոշումը։

— Միանգամից ասեմ, որ սա թերևս վերջին անգամն է, որ ես անդրադառնում եմ այս թեմային, որովհետև այլևս համարում եմ անիմաստ: Բազմիցս եմ ասել, և քանի որ անօգուտ է, որովհետև հասարակությունն ինքն անգամ չի էլ ուզում ոչ միայն լսել, այլև հասկանալ, հետևաբար, կկրկնեմ, թերևս վերջին անգամ: Այո, շատ վտանգավոր է, բայց մեր ժողովուրդը գիտակցված, իսկ ավելի շուտ անգիտակից որոշում է ընդունել՝ չհամարելով սա վտանգավոր, և ընդունել է մահերի քանակի աննախադեպ խիստ հնարավոր սցենարը, որպես ընդունելի: Բացատրում են նրանով, որ տանը նստած՝ առանց աշխատանքի, չեն կարող ապրել: Դա հասկանալի է:

Բայց մի իրավիճակում, երբ սեփական երկրի վարչապետը հրաժարվում էր իր ժողովրդին համատարած, համահավասար սոցիալական աջակցություն ցուցաբերել և լուծումը տեսնում էր երկիրն անվերահսկելիորեն բացելու մեջ՝ լիովին անհասկանալի է, թե ինչու են մարդիկ հրաժարվում պահանջել վարչապետից բյուջեի հաշվին ապահովել իրենց մինիմալ սոցզամբյուղը, երբ դա անում են բազում-բազում պետություններ: Պահանջում են թույլ տալ իրենց գնալ աշխատանքի, որի արդյունքում իրենցից բազում մարդիկ կյանքից այնուամենայնիվ հեռանալու են: Ստեղծված իրավիճակը գալիս է փաստելու, որ որպես հասարակություն մեր գիտակցությունը մեղմ ասած, գահավիժած է, իսկ այս իշխանությունն արժանի է մեզ այդ առումով:

Եվ այդտեղ այլևս մյուս մեկնաբանություններն ավելորդ են: Երբ հասարակությունն ի սկզբանե համաձայնել է մեծաթիվ զոհեր տա, որովհետև չի համարում, որ պետության իշխանությունը պարտավոր է դրանից իրենց ապահովագրել և մինիմալ սոցզամբյուղով մի քանի ամիս ապահովել, ապա այդ հասարակությունն ուրեմն խնդիր չունի մեծաթիվ մահերի հետ: Հետևաբար, ամեն բան բոլորի համար ընդունելի է: Բացի, իհարկե, նրանցից, որոնք զոհ կգնան համաճարակին: Բայց նրանց մեծ մասն էլ՝ չի հասցնի զղջալ սեփական սխալական մոտեցման համար: Ցավոք, շատ ցավոք, սա է այսօր պատկերը:

– Հետաքրքիր է, երբ արտակարգ դրություն հայտարարվեց, սահմանափակումները մտցվեցին, ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մի քանի տասնյակ էր, իսկ վերջին օրերին 24 ժամվա կտրվածքով 100-ից ավելի դեպքեր են գրանցվում։ Ինչո՞ւ է Կառավարությունն այս փուլում գնում սահմանափակումների թուլացման, երբ, փաստացի, պատկերն ավելի վատն է։

— Որովհետև ապաշնորհ է, չի կարողանում և չի հասկանում թե որն է ճիշտ վարվելակերպը: Որովհետև կա մի վարչապետ, որ լիբերտարիանիստ է ու նաև՝ ծայրահեղ պոպուլիստ, որն իրականում տնտեսական ցուցանիշների մասին է հոգ տանում, մտածում բանկերի և խոշոր բիզնեսի շահերի մասին, իսկ մի քանի հարյուր կամ հազար կյանք այս կողմ, կամ այն կողմ՝ կարևոր չէ: Իսկ որ ամենասարսափելի է՝ գնում է դրան, որովհետև հասկանում է, որ գոնե այս փուլում նման գիտակցություն ունեցող հասարակությունում ինքը կարող է դա մարսել: Իրեն չեն ճնշի, չեն քննադատի և չեն հասկանա:

Մի հասարակությունում, որտեղ դավադրապաշտների և հեքիաթների հավատացողների տոկոսն ամենաբարձրն է, թերևս Եվրոպայում, այլ բան սպասել բիզնեսի շահերը սպասարկող և սեփական ժողովրդի կյանքերն անտեսող իշխանությունից չի էլ կարելի: Անում են, որովհետև կարող են: Անում են, որովհետև իրենց թույլ են տալիս: Եվ եթե այդպես է՝ ապա թույլ տվողներն էլ որպես ընդհանրություն՝ արժանի են լինելու այն հետևանքներին, որ դրանից բխելու են:

– Ընդհանրապես, ինչպե՞ս կգնահատեք Կառավարության ներկայացրած հակաճգնաժամային 15 միջոցառումները, ինչ խնդիր դրանք լուծեցին։

— Դրանք բոլորը հատվածային, անիմաստ սահմանափակումներով, ոչ համակարգային ծվեններ ու փշուրներ էին, որոնցից մի քանիսն ուղղակի օգնեցին այն խոշոր բիզնեսներին, որ օգնության ոչ միայն կարիք չունեին, այլ որոնց ընդհանրապես օգնել, անգամ անուղղակիորեն, չի կարելի: Եվ այդ բիզնեսների անունը բանկեր են: Այս ամենից ամենաշատը շահեցին բանկերը: Մի բան, որ որևէ իրապես սոցիալական, ժողովրդի շահերը սպասարկող հասարակությունում ու իշխանության օրոք անհնար է:

Բայց ո՞վ է դրանից հասկանում, ու՞մ է դա հետաքրքիր: Կարևորը, որ ստեղծվեց տեսիլք, թե օգնում են ժողովրդին: Գոհ են բոլորը, հիմա էլ աշխատելու շանս ունեն բոլորը: Ուրեմն մնում է արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված ոչ մի խնդիր էլ չկա: «Կմեռնեն մարդիկ՝ կմեռնեն: Է՛հ, ինչ արած, մի օր ամեն դեպքում մեռնելու էին»: Սա է այսօր մոտեցումը Հայաստանում մեծ հաշվով: Հետաքրքիր է թե որքան դա կտևի:

— Կարանտինի ընթացքը որքանո՞վ նպաստեց կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին։ Վերջին մեկ ամսում երկրում արտակարգ դրություն էր հայտարարված, բայց մարդկանց ազատ տեղաշարժ կար, կարելի է ասել՝ ով ինչ ուզում, անում էր։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ էր նման իրավիճակ ստեղծվել։ Պետության ոչ բավարար վերահսկողությո՞ւնն էր, թե՞ քաղաքացիների գիտակցության մակարդակն էր նման իրավիճակի պատճառը։

— Պատճառները Ձեր թվարկած հանգամանենքերի համակցությունն էր: Բայց, իհարկե, ամենաշատը՝ հասարակության տվյալ հարցում խնդրի գիտակցության բացարձակ բացակայությունը: Իսկ սահմանափակումներն, ընդհանուր առմամբ ոչ միայն Հայաստանում, այլև ամենուր՝ վարակի տարածման դեմ պայքարում մեծապես արդյունավետ են եղել և են:

Հայաստանում առաջիկա թվային պայթյունը հենց այդ սահմանափակումների հանմամբ է պայմանավորված լինելու: Բայց, ևս մեկ անգամ փաստենք ու ավարտենք սրանով, որ հասարակության համար այդ պայթյունն ընդունելի է: Ինչպես անվերապահ քվե տրվեց այս իշխանությանը, և հիմա վայելում ենք դրա արդյունքները, այնպես էլ անվերապահ քվե է տրվում կորոնավիրուսին Հայաստանում անարգել անելու այն՝ ինչ համաճարակները սովորաբար անում են: Այդքանը:

 

 
Autorental կայքը առաջարկում է аренда автомобиля в ереване с водителем ծառայություն շատ մատչելի գներով

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика